ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունները դեռ չեն տվել որեւէ արդյունք, որ էականորեն կբարելավեր իրավիճակը:
«ՌԴ-ն ուկրաինական պատվիրակության առաջ կտրուկ է դրել մարդասիրական միջանցքների հարցը»,- ասել է Մեդինսկին՝ հույս հայտնելով, որ այդ միջանցքները մարտի 8-ին կգործեն:
ՌԴ պատվիրակության ղեկավարը հայտնել է նաեւ, որ ռուսական պատվիրակությունն իր հետ բերել է փաստաթղթերի նախագծեր, բայց դրանք չեն ստորագրվել։ Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը դեռ չի հանգեցրել այնպիսի արդյունքների, որոնք էապես կբարելավեն իրավիճակը կարգավորման առումով։
«Կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ, հրադադարի եւ անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ, ինտենսիվ խորհրդակցությունները կշարունակվեն: Մինչ օրս իրավիճակն էականորեն բարելավող արդյունքներ չկան»,- ընդգծել է Պոդոլյակը: Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքում մարդասիրական միջանցքի բացման հարցում դրական տեղաշարժեր կան:
Բանակցությունները տեւել են մոտ երեք ժամ: Ռուս-ուկրաինական բանակցությունների՝ հինգ ժամ տեւած առաջին փուլն անցկացվել էր փետրվարի 28-ին, երկրորդը՝ մարտի 3-ին: