Հայաստանում Կարմիր խաչի միջազգային մարդասիրական կառույցի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի վերջին եւ մարտի սկզբին տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է:
Հնարավորություն է տրվել կապ հաստատելու հարազատների հետ
Ամատունին հավելել է, որ այս անգամ էլ հնարավորություն է տրվել բոլոր այս անձանց կապ հաստատելու իրենց ընտանիքների անդամների, հարազատների հետ: Կապի միջոցներն, ըստ նրա, տարբեր էին, օգտագործվել են Կարմիր խաչի ուղերձներ, հեռախոսազանգեր, նաեւ ձայնագրված տեսաուղերձներ: Պատվիրակները գերիներին են փոխանցել նաեւ ընտանիքների կողմից նամակներ եւ տեսագրված ուղերձներ:
Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված տղաներից մեկի կինն ընդգծել է, որ Կարմիր խաչի միջոցով կապ է հաստատել ամուսնու հետ, անհամբեր սպասում է օր առաջ նրա վերադարձին:
Հայ իրավապաշտպանները մոտ 80 անձի գերության մասին ապացույցներ ունեն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի գրասենյակը ադրբեջանական իշխանություններին մի քանի անգամ ներկայացրել է ամփոփ տվյալներ ռազմական գործողությունների ժամանակ կամ դրա հետեւանքով հնարավոր գերության մեջ գտնվող անձանց վերաբերյալ, որպեսզի դիտարկեն տվյալները եւ փորձեն պատասխան ուղարկել առաջին հերթին այդ անձանց ընտանիքներին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել, քանի որ տվյալները գաղտնի երկխոսության շրջանակում են: Հայ իրավապաշտպանները մոտ 80 անձի գերության մասին ապացույցներ ունեն: Զառա Ամատունին նշել է, որ շարունակում են աշխատել նաեւ պատերազմի հետեւանքով անհետ կորած անձանց ընտանիքների հետ:
«Այս պահին տեղեկատվության փոխանակման փուլում ենք, փորձում ենք գնահատել իրավիճակն այսօրվա դրությամբ եւ սկսելու ենք շուտով մի ծրագիր, որի շրջանակում կփորձենք իրականացնել բոլոր այն ընտանիքների կարիքների գնահատում, որոնց հարազատներն անհայտ կորել են»,- ընդգծել է Ամատունին:
Հայկական կողմը սպասում է գրավոր փաստարկներին
Զառա Ամատունին հավելել է, որ հումանիտար հարցերը նաեւ Եվրադատարան եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատի առանցքում են: ՄԻԵԴ ներկայացված գործերն առնչվում են պատերազմի ընթացքում ու նաեւ դրանից հետո Ադրբեջանի թույլ տված խախտումներին:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ նշել է, որ հայկական կողմն այդ գանգատի շրջանակում ներկայացրել էր ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ: Ըստ նրա՝ այս պահին ընթանում է գրավոր փուլի քննություն: Ադրբեջանը պետք է ներկայացնի առարկություն, որի վերջնաժամկետը ապրիլի 4-ն է, հայկական կողմը սպասում է գրավոր փաստարկներին:
Նույնը վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցին, որի առնչությամբ Ադրբեջանի պատասխանն ակնկալվում է մինչեւ 2023-ի սկիզբը: