HSBC բանկը իր հաճախորդներին հայտնել է, որ առաջիկայում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի թողարկած MasterCard եւ Visa բանկոմատային քարտերով Ռուսաստանի տարածքում (ներառյալ առցանց հարթակներում) գործարքներ կատարել հնարավոր չի լինի։
Բանկից հավելել են, որ ըստ MasterCard եւ Visa ընկերությունների տարածած հայտարարությունների` նախատեսվում է դադարեցնել նրանց ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Միջազգային վճարային VISA եւ Mastercard համակարգերը նախօրեին ծանուցել են պատժամիջոցների ենթարկված բանկերին՝ իրենց համակարգերում նրանց մասնակցությունը կասեցնելու մասին։ Որոշումը վերաբերում է նաեւ ВТБ, БМ-Банк, Саровбизнесбанк, Открытие, Совкомбанк, Новикомбанк, РГС Банк, Промсвязьбанк-ի քարտապաններին:
Վրաստանում եւս չեն կարող օգտագործել ՌԴ բանկերի Visa եւ Mastercard քարտերը
Ըստ Новости-Грузия-ի՝ ավելի վաղ Վրաստանի բանկերի ասոցիացիան հայտնել էր, որ Վրաստանում կասեցվել են պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի թողարկած VISA եւ Mastercard քարտերով գործառնությունները։
Պատժամիջոցների ենթարկված բանկերի հաճախորդները SWIFT համակարգի միջոցով եւս չեն կարող գումար ընդունել կամ փոխանցել Վրաստան։
Վրաստանի բանկերի ասոցիացիան տեղեկացրել է նաեւ, որ պատժամիջոցների ենթարկված ՎՏԲ-ի վրացական մասնաճյուղը շարունակում է սպասարկել իրավաբանական անձանց։ ՎՏԲ Վրաստան բանկի հաճախորդներին այժմ սպասարկում է «Բազիսբանկը»:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ վճարային համակարգերում բանկերի մասնակցության կասեցումը նշանակում է, որ այս բանկերի եւ դրանց դուստր ձեռնարկությունների թողարկած Visa եւ Mastercard քարտերը կդադարեն արտասահմանում եւ արտասահմանյան առցանց խանութներում գործելուց։