ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ռուսական էներգետիկ ռեսուրսներից Եվրոպայի հրաժարվելուն եւ իրավունք ունի փակելու գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք-1»-ով՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք-2»-ի արգելքի, բայց չի անում դա։
«Հասկանում ենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանին ուղղված անհիմն մեղադրանքների ու «Հյուսիսային հոսք-2»-ի արգելքի պարագայում լիովին իրավունք ունենք «հայելային» որոշում ընդունելու եւ էմբարգո կիրառելու «Հյուսիսային հոսք-1» գազատարով գազի մատակարարման վրա, որն այսօր 100% ծանրաբեռնվածությամբ աշխատում է։ Բայց մինչ այժմ այդ որոշումը չենք ընդունել, քանի որ դրանից ոչ ոք չի շահի, թեեւ եվրոպացի քաղաքական գործիչները մեզ հրահրում են իրենց հայտարարություններով եւ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներով»,– ասել է Նովակը։
ՌԴ փոխվարչապետն ասել է, որ Ռուսաստանը՝ որպես Եվրոպա նավթի խոշորագույն մատակարար, ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները նավթի եւ նավթամթերքների մատակարարման հարցում։
Տարեկան շուրջ 500 միլիոն տոննա նավթ սպառող Եվրոպային 150 միլիոն տոննա կամ նրան անհրաժեշտ քանակի 30%-ը տարեկան մատակարարում է Ռուսաստանը՝ չհաշված ՌԴ-ից ստացվող եւս 80 միլիոն տոննա նավթամթերքը։
ՌԴ փոխվարչապետ զգուշացրել է, որ ռուսական նավթից հրաժարվելը աղետալի հետեւանքներ կունենա համաշխարհային շուկայում եւ կհանգեցնի սոսկալի գնաճի:
«Հյուսիսային հոսք-1» խողովակաշարը շահագործվում է 2011-ի նոյեմբերի 8-ից: Եթե պատժամիջոցները չլինեին, «Հյուսիսային հոսք-2»-ի հետ խողովակաշարերի միացյալ թողունակությունը կհասներ 110 միլիարդ խորանարդ մետրի, ինչը կկազմեր Ռուսաստանից Եվրոպա տարեկան փոխադրվող բնական վառելիքի ընդհանուր ծավալի մոտ կեսը: