Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունները մարտի 8-ին հերքել են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
Մասնավորապես Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի մարտի 8-ին տարածած հաղորդագրությունը, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 7-ին՝ 18։45-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:
Ավելին՝ Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական կեղծիքը գնահատել է իբրեւ հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ։
ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել
ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս հերքել է ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի մարտի 8-ի առավոտյան տարածած հաղորդագրությունը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաեւ, որ մարտի 7-ին սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: