Ըստ «Արմենպրես»-ի՝ ադրբեջանական Sputnik Azerbaijan-ը խեղաթյուրել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ պատերազմում վարձկանների մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի խոսքերը:
Ադրբեջանական կայքը մասնավորապես գրել է, որ Մաասն ասել է, թե ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման վերաբերյալ փաստեր չեն գտնվել:
Գերմանիայի արտգործնախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ նա նման արտահայտություն չի արել:
Մաասը նշել է, որ ԼՂ-ում սիրիացի վարձկանների հարցին ծանոթ են, սակայն պետք է հասկանալ, որ տվյալ պահին դա միակ հակամարտությունը չէ, որտեղ ներգրավված են սիրիացի վարձկաններ: Նույն իրավիճակն է նաեւ Լիբիայում:
Նախարարն ասել է, որ, ըստ ԼՂ վերաբերյալ իրենց տեղեկությունների, սիրիացի վարձկանների մի մասը դեռ այնտեղ է, եւ միջազգային մակարդակով փորձում են հասկանալ՝ քանի՞սն են, ինչպե՞ս են օգտագործվել եւ ովքե՞ր են նրանց ներկայության պատասխանատուները, սակայն այս հարցով վերջնական տեղեկություններ չկա՛ն:
Մաասն ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, Գերմանիան պատրաստ է իր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: