Տասը տարի առաջ՝ այս օրերին, Եգիպտոսում տեղի էին ունենում բողոքի ցույցեր, քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք համարվեցին «Արաբական գարուն» շարժման կարեւոր իրադարձություններից: Փետրվարի 1-ին Կահիրեի Թահրիր հրապարակում արդեն հավաքվել էր մեկ միլիոն ցուցարար: Արդյունքում փետրվարի 11-ի երեկոյան Հոսնի Մուբարաքը, որ երկրի նախագահն էր 1981-ից, հրաժարական տվեց: Չնայած ցույցերն ընդհանուր առմամբ խաղաղ էին, բայց բախումների հետեւանքով եղան հարյուրավոր զոհեր եւ հազարավոր վիրավորներ։
Կահիրեի «Հուսաբեր» հայկական թերթի խմբագիր, հրապարակախոս Զավեն Լիյլոզյանի բնութագրմամբ այն, ինչ տեղի ունեցավ, դժվար է հեղափոխություն անվանել, որովհետեւ հետո պարզվեց՝ «լավ բեմադրված գործողություն էր»:
«Սկզբում հայտնի չէր, թե հեղափոխական ուժերն ովքեր էին, կարծում էինք, թե երիտասարդությունն է ոտքի կանգնել եւ երկրում փոփոխություններ է ուզում, մինչդեռ հետո պարզվեց, որ կազմակերպված ուժեր կային, որոնք այդ ուղղությամբ ջանքեր էին թափել. դրանք ներսի ուժեր էին, որոնք աշխատում էին դրսի համար»,-հիշելով տասը տարվա վաղեմության դեպքերը՝ «Ալիք մեդիա»-ին պատմում է Զավեն Լիյլոզյանը։
Նրա կարծիքով, 2011-ի արմատները շատ հեռվից են գալիս՝ դեռեւս 1919-23 թվականներից, երբ Եգիպտոսում բռնկված համաժողովրդական ապստամբությունը ցնցեց բրիտանական կայսերապաշտության հիմքերը:
«Այդ թվականներին էր, որ տեղեկությունների համաձայն՝ բրիտանական հետախուզությունը ազգայնական շարժմանը հակազդելու համար հիմնեց «Մուսուլման եղբայրներ» միջազգային կազմակերպությունը, որի օրակարգը մինչեւ հիմա արտաքին ուժերն են թելադրում։ Ահա այդ ուժերն էին կանգնած 2011-ի հունվարի 25-ի ապստամբության հետեւում: Ընտրված օրն էլ պատահական չէր. հունվարի 25-ը բրիտանական զորքի դեմ ոստիկանության հերոսական դիմադրության նահատակների հիշատակի օրն է»։
Հիմնադրման տարուց՝ 1913 թվականից ի վեր «Հուսաբեր» թերթը լուսաբանել է Եգիպտոսի բոլոր կարեւոր իրադարձությունները՝ անցյալ դարասկզբի համաժողովրդական ապստամբությունը, 1952-ի հուլիսյան հեղաշրջումը, որ հետագայում հեղափոխություն անվանվեց, 1977 թվականի «հացի խռովությունները», Եգիպտոս հասած «Արաբական գարունը», 2013-ի ռազմական հեղաշրջումը, քաղաքական, տնտեսական այլ իրադարձություններ:
Այսօր էլ «Հուսաբեր»-ը, թեեւ արդեն տպագիր տարբերակով լույս չի տեսնում (տարածվում է էլեկտրոնային տարբերակով), շարունակում է հայությանը վերաբերող նյութերի կողքին գրել նաեւ երկրի կարեւոր իրադարձությունների մասին:
«2011 թվականի հեղափոխություն կոչվածն արվեց հանուն ժողովրդավարության, հանուն առաջադիմության, ընդդեմ կոռուպցիայի, սակայն չի կարելի ասել, թե տնտեսական առումով երկիրն այդ ժամանակ վատ վիճակում էր: Դրամն արժեզրկված չէր, կենցաղը կազմակերպված էր, երկրում հնարավորություններ կային թե՛ աղքատ, թե՛ հարուստ խավերի համար: Իմ կարծիքով հեղափոխության հիմնական նպատակը երկրում երեսուն տարի իշխած նախագահին՝ Մուբարաքին գահընկեց անելն էր, ինչը հաջողվեց: Նա բացառիկ կարողության տեր մեկը չէր, որ երեսուն տարի իշխանության ղեկին մնար: Ճիշտ է, նա չդավաճանեց իր հայրենիքին, բայց նրա օրոք մեծ ոստումներ ու առաջադիմական քայլեր չեղան երկրում, ամեն ինչ մոխրագույն էր: Բանակի հրամանատարությունը շատ կազմակերպված ձեւով այս ամենն իր հիմնական հակառակորդի՝ «Մուսուլման եղբայրներ»-ի ձեռքով բեմադրեց, որպեսզի նաեւ թույլ չտա, որ իշխանությունն անցնի Մուբարաքի որդուն»,- ասում է Զավեն Լիյլոզյանը՝ հիշեցնելով, որ հեղափոխության հռչակած գաղափարների՝ ժողովրդավարության, խոսքի ազատության առումով սահմանափակումները Եգիպտոսում միայն ավելացել են, երբ բանակը վերստին իրադրության տերն է դարձել:
2011-ին հաջորդեց 2013-ի ռազմական հեղաշրջումը։ Բանակը, վարպետորեն երեք նշանակետի խփելով, Մուբարաքի որդուն արգելեց ժառանգել հոր իշխանությունը, «Մուսուլման եղբայրներ»-ին վարկաբեկեց եւ երկար ժամանակով քաղաքական ազդեցությունից զրկեց, երկիրը դուրս բերեց այսպես կոչված «Արաբական գարնան» հորձանուտից՝ ի հեճուկս արաբական մյուս երկրների:
«Դրանք ընդամենը մեծ ու հնչեղ բառեր են՝ հեղափոխություն, արաբական գարուն, արաբական զարթոնք եւ այլն: Արաբական այն երկրները, որոնք անցան այդ ճանապարհը, նորից վատ վիճակում են: Այսօր Լիբիայում էլ վիճակն ավելի վատ է, քան հեղափոխությունից առաջ էր, Թունիսում էլ «Մուսուլման եղբայրները» շարունակում են խլրտալ, Սիրիան ներքին եւ արտաքին պատերազմ է մղում արդեն տասը տարուց ավելի։ Երրորդ աշխարհի ժողովուրդները ժողովրդավարական հեղափոխությունների պատրաստ չեն, այդ թվում՝ Եգիպտոսը, Հայաստանը: Տարածաշրջանային ոչ մի երկիր, որտեղ վերջին տասնամյակում այդպիսի հեղափոխության անվան տակ շարժումներ եղան, տեսնում ենք, որ խաղաղ չէ: Արեւմուտքը խառնեց արաբական աշխարհը, ու մինչեւ հիմա խառն է»:
Անդրադառնալով Եգիպտոսում ապրող հայերին՝ Զավեն Լիյլոզյանը նշեց, որ հայերն ու հայկական կառույցները չեն տուժել 2011-ի այս օրերի դեպքերից ու նրա առաջացրած ցնցումներից: «Հատուկենտ հայ դիտորդ-մասնակիցներ եղել են, նրանք էլ ուղղակի բնակվում էին Թահրիր հրապարակին շատ մոտ եւ հետաքրքրության համար էին փողոց դուրս եկել: Հայերն ընդհանրապես հեռու էին: Այս հեղափոխության ժամանակ տուժեցին եգիպտացի քրիստոնյաները՝ ղպտիները, որոնք պատմականորեն ոտնահարված իրավունքներ ունեն, եւ կարծեցին, թե հեղափոխությունն իրենց իրավունքները պիտի վերադարձնի. մի օր էլ ցույցի գնացին ռադիոհեռուստատեսության շենքի մոտ, եւ նրանց վրա ուղղակի կրակեցին, ու սրա համար ոչ ոք չպատժվեց»:
Ըստ մեր զրուցակցի՝ դրսում ապրող հայերն առհասարակ աշխատում են չխառնվել իրենց երկրներում տեղի ունեցող նման իրադարձություններին: «Հայն իր երկրից դուրս միշտ փնտրել է կայուն բնակավայր, որտեղ կարող է աշխատել, եկամուտ ստանալ եւ հանգիստ ապրել: Սա սովորաբար դրսում ապրող հայերի մտածողությունն է: Եվ այն երկրները, որտեղ կայունությունը խախտվել է, հայերը դուրս են եկել եւ ավելի ապահով վայրեր են գնացել:
Ինչպես Մերձավորարեւելյան բոլոր երկրներից, Եգիպտոսից էլ վերջին տարիներին հայերի մեծ գաղթ է եղել: Հեղափոխությունից առաջ գաղութն արդեն տկարացել էր, հեղափոխությունից հետո ավելի թուլացավ: Եգիպտոսում հայերի ամենամեծ թիվը, որ մենք մինչեւ հիմա ունեցել ենք, եղել է նախքան 1946-ի մեծ ներգաղթը՝ քառասուն հազար հայ: Այսօր ցավով եմ ասում, որ երկրում լավագույն դեպքում 1000-1500 հայ կա: Տուժել է նաեւ հայկական միությունների աշխատանքը: Շենքերը կան, բայց հայ չկա դրանց ներսում: Մեր խմբագրությունն էլ կա, ութ հարկանի պատմական շենք է, ներսում հայ չկա…»,- ցավով է նշում Եգիպտոսի հնագույն հայկական թերթերից մեկի խմբագիրը, որն արդեն տեղափոխվել է Հայաստան եւ Հայաստանից է վարում համացանցային թերթի աշխատանքները:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։