ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արգելում է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը: Միեւնույն ժամանակ Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։ Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի եւ ածուխի վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Բայդենի վարչակազմը մտադիր է արգելելու ռուսական էներգակիրների ներկրումը ԱՄՆ։
«Հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորում է ռուսական տնտեսության գլխավոր զարկերակը։ ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթագազային էներգիայի ամբողջ ներմուծումը։ Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլեւս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, եւ ամերիկյան ժողովուրդը եւս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ-ը ՌԴ-ի նավթի համար Գերմանիային չի պահանջի էմբարգո սահմանել
Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ ամերիկացի գործընկերներից հավաստիացումներ է ստացել, որ ԱՄՆ-ը Բեռլինից «ո՛չ կխնդրի, ո՛չ էլ կպահանջի» էմբարգո սահմանել ՌԴ նավթի գնման համար:
«Ամերիկյան բոլոր գործընկերներս վստահեցրին, որ իրենք այլ իրավիճակում են, քան Գերմանիան ու Եվրոպան։ ԱՄՆ-ը նավթ արտահանող է, Ռուսաստանից ներկրումը 7,5 տոկոս է, իսկ Գերմանիան ներմուծող երկիր է, ռուսական ներմուծումը կազմում է 35 տոկոս։ Նրանք ինձ զրույցի ժամանակ ասել են, որ ո՛չ կխնդրեն, ո՛չ էլ կպահանջեն, որ նույնն անենք»,- ընդգծել է պաշտոնյան։
Նախարարն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատրաստվի նման որոշման հնարավոր ընդունմանը, սակայն պետք է երաշխավորել էներգակիրների մատակարարման շղթան: