Ուկրաինան հաճախ է ահազանգում, որ Արեւմուտքի օգնությունը բավարար չէ, որպեսզի դիմակայի Ռուսաստանին։ Ըստ Ուկրաինայի՝ Արեւմուտքը կարող է անել ավելին, բայց չի անում։ Արտգործնախարար Դմիտրի Կուլեբան գերմանական Die Welt-ին ասել է, թե Գերմանիան, օրինակ, ուղղակի հարմար տեղավորվում է աթոռին որպես «ռազմական գործողությունների դիտորդ»։
Ինչո՞ւ է Ուկրաինան այդքան «ագահ»։ Պատճառը միայն այն վտանգի մեջ չէ, որ Ռուսաստանը կարող է այդ երկիրը ջնջել քարտեզից։ Կա նաեւ քաղաքակրթական վտանգ։ Այսօր բախվել է երկու ուղղափառ հանրություն, որոնցից մեկն ազգ դառնալու գործընթացում է։ Դա Ուկրաինան է, որը մինչեւ 2014-ը սլավոնական ամենախոշոր ազգի՝ ռուսի կցորդն էր, ըստ էության՝ ռուսն ու ուկրաինացին նույն ազգն են տարբեր պետություններում։
2014-ից Ուկրաինայի առջեւ կանգնեց ազգ դառնալու հարցը, որովհետեւ նա ընտրեց քաղաքակրթական այլ ճանապարհ՝ Արեւմուտքը։
Երբ Ուկրաինան Արեւմուտքին առաջարկում է փակել իր երկինքը, նա դժվար խնդրի առաջ է կանգնեցնում Արեւմուտքին։ Արեւմուտքն ասում է՝ իմ քաղաքակրթական մինիմումը պաշտպանված է ընտրությամբ, այն է՝ մարդու իրավունքներ, արեւմտյան արժեքներ, երջանկության բազմաթիվ գործիքներ, երկխոսություն ամենաանհարմար հակառակորդի հետ եւ հատկապես կյանքի իրավունք։
Եթե ես փակեմ քո՝ Ուկրաինայիդ երկինքը, կվտանգեմ ոչ միայն իմ քաղաքակրթական մինիմումը, այլեւ գոյությունն ընդհանրապես։ Իսկ այդ դեպքում չեմ կարողանա երկխոսել Ռուսաստանի հետ, որպեսզի ապահովեմ քո գոյության իրավունքը, քո քաղաքակրթական ուղին։ Ռուսաստանն Ուկրաինային փորձում է իրենով անել՝ դաս չքաղելով բյուզանդական ինքնապաշտպանական մեռնող բնազդից, իսկ այդ բնազդը չի «կարդում» Արեւմուտքի ստեղծագործական պոտենցիալը։
Բյուզանդիան ստորադասեց կաթոլիկ ստեղծարարությունն իր ախորժակին, ինչն ի վերջո հանգեցրեց Բյուզանդիայի կործանմանը։ Հիմա Ռուսաստանը նույնպես ունի բյուզանդական ախորժակ։ Ու նրան անհրաժեշտ է երկխոսել Արեւմուտքի հետ։ Այդ օրը գալու է, Ռուսաստանը երկխոսելու է, բայց առանց Պուտինի։ Որովհետեւ Պուտինը պատմություն կարդալ չգիտի։ Նա կայսերական մոլուցքի խաղացող է, որին իմաստ չունի բան բացատրել։ Եվ երբ Ռուսաստանը Արեւմուտքի հետ երկխոսության արդյունքում քայլի դեպի Արեւմուտք, ինչպես ժամանակին արեց Պետրոս Մեծը, Ուկրաինան կդադարի Արեւմուտքի ֆորպոստ լինելուց։ Արեւմուտքի ֆորպոստ կդառնա Ռուսաստանը։ Ընդդեմ ո՞ւմ։ Ընդդեմ Չինաստանի։
Ահա ինչու է Զելենսկին ուզում շուտ ավարտել այս պատերազմը եւ նստել խոսել Ռուսաստանի հետ Դոնբասի ու Ղրիմի ճակատագրի մասին, ինչը նախկինում հրաժարվում էր անելուց։ Զելենսկին գուցե մի քանի էջ ավելի է պատմություն կարդացել ու ավելի լավ է կարդացել ու զգում է, որ պատերազմը պետք է կանգնեցնել, քանի դեռ Ուկրաինան ի վիճակի է «քայլելու»։ Հակառակ դեպքում նրան նույնիսկ չեն էլ տանի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: