Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական ագրեսիան առիթ հանդիսացավ, որ հավաքական Արեւմուտքը համախմբվի եւ սկսի Ռուսաստանին որպես վտանգավոր թշնամի դիտարկել, որից պաշտպանվելը պարտադրանք է այլեւս։ Նոր իրավիճակ է աշխարհում։ Մեծ փոփոխությունների շեմին ենք, որոնք չեն կարող շրջանցել մեզ։
Երբ եւ ինչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական այս պատերազմը եւ Ռուսաստան-հավաքական Արեւմուտք այս հակամարտությունը՝ դժվար է ասել։ Մեկ բան, սակայն, հստակ է, Ռուսաստանն այլեւս այն չի լինելու՝ ե՛ւ իր տնտեսական հնարավորություններով, ե՛ւ ռազմական պոտենցիալով, ե՛ւ իր դերով աշխարհում։ Ատոմային զենքի առկայությունն է միայն ստիպելու, որ աշխարհը քայքայված տնտեսությամբ ու թուլացած Ռուսաստանի հետ հաշվի նստի։
Իսկ ի՞նչ կարող է պատահել մեզ հետ, եթե տեսանելի է, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կամայական ելքի պարագայում, անգամ Ռուսաստանի «հաղթանակի» դեպքում (այստեղ «հաղթանակը» խիստ հարաբերական է, եւ շատ մեծ չակերտներ են անհրաժեշտ) ունենալու ենք թուլացած Ռուսաստան։
Առաջին հերթին, իհարկե, մեզ պետք է մտահոգի թուրք-ադրբեջանական վտանգը։ Եթե Ռուսաստանը այստեղից հեռանա, ինչպես եղավ Առաջին աշխարհամարտի տարիներին, կամ Ռուսաստանի դիրքերը խիստ թուլանան, ապա տարածաշրջանում թելադրողի դերը թուրքերն են փորձելու ստանձնել։
Նրանք արդեն այստեղ են։ Ուղղակի էլ ավելի կավելանա ու ավելի վճռական կդառնա նրանց ներկայությունը, ինչը մեր դեմ է աշխատելու, եւ ինչին դիմակայել մենք չենք կարողանալու։ Չենք կարողանալու, որովհետեւ տարիներ շարունակ դրան չենք պատրաստվել։ Չենք էլ մտածել, թե երբեւէ նման խնդիր ենք լուծելու։ Ռուսական խնդիր ենք դա համարել, թողել ենք, որ Ռուսաստանը զբաղվի դրանով։ Կարծել ենք՝ վեր է այն մեր ուժերից, մեր հնարավորություններին չենք հավատացել, ինքներս մեզ չենք վստահել, հարեւանների հետ զրուցելուն պատրաստ չենք եղել, նման զրույցից վախեցել, ու արդյունքն այն է, որ Ռուսաստանի կցորդ ենք դարձել։
Տարիներ շարունակ մեր այսօրն ու վաղը պայմանավորել ենք ու շարունակում ենք պայմանավորել Ռուսաստանով։ Չենք ցանկանում, հրաժարվում ենք պատկերացնելուց մի իրավիճակ, որտեղ կանք մենք, ու չկա Ռուսաստանը։ Անգամ Ուկրաինայում ընթացող այս պատերազմը, որ, ամենայն հավանականությամբ, աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների առիթ կարող է դառնալ, չի հուշում մեզ, որ կարող ենք ռուսական հովանուց զրկվել։
Թուրքական վտանգի գիտակցումը, որ 100 տարուց ավելի մեր ուղեկիցն է, մոլորեցրել է մեզ, թույլ չի տալիս տեսնել իրական աշխարհը, տեղավորվել այդ աշխարհում, հասկանալ ընթացող զարգացումները եւ աշխարհի հետ լինել համաքայլ։
Այսօր փոփոխվող աշխարհի սահմանագծին ենք, որից այն կողմ Ռուսաստանի հնարավորությունները կարող են փոքրանալ։
Մենք, եթե լինելու ու հարատեւելու բնական ցանկությունից չենք հրաժարվում, պետք է մեր խնդիրները լուծելու այլ տարբերակներ եւս ունենանք, միայն Ռուսաստանով չպայմանավորենք մեր ապագան։ Ասվածից չի հետեւում, թե հիմա էլ այլ ուժային կենտրոն պետք է գտնենք ու միայն նրա հետ կապենք մեր հույսերը։ Հետեւում է, որ ռուսներին բոլորովին չմերժելով՝ ուժային այլ կենտրոնների հետ նոր որակի հարաբերություններ պետք է կառուցենք, իսկ գլխավոր գործը պետք է լինի Թուրքիայի հետ սկսված զրույցին նոր թափ հաղորդելը։
Մենք պետք է կարողանանք մեր հարեւանների հետ եթե ոչ համաձայնություն, եթե ոչ հաշտություն, գոնե ընդհանուր եզրեր գտնել։ Պետք է կարողանանք վստահեցնել նրանց, որ բաց ենք քննարկումների ու զրույցի համար, որ նրանց ճանապարհին խոչընդոտ չենք, որ կապող օղակ ու կամուրջ կարող ենք լինել, որ մեր նպատակը խաղաղությունն է տարածաշրջանում ու համակեցությունը։
Մենք ունենք 29 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան, որի ապագան, որի լինելիությունը մեր վախերով ու մեր զգացմունքներով պայմանավորելու ու այն վտանգելու իրավունք չունենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։