Անշարժ գույքի շուկայում այս օրերին տեղի ունեցողը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը. ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են տեղափոխվել Հայաստան, եւ որպես արդյունք` ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում բարձրացել են վարձով տների ու բնակարանների գները՝ մոտավոր հաշվարկներով մինչեւ 30-40 տոկոս: Սա, իհարկե, ինչ-որ առումով բնականոն երեւույթ է, քանի որ սովորաբար շուկայում պահանջարկի ավելացումն իր հետ բերում է նաեւ գնաճ:
Վիճակագրական կոմիտեն դեռ կամփոփի այս ամիսների ցուցանիշները: Մինչ այդ փորձեցինք պարզել, թե անշարժ գույքի շուկայում ինչ վայրիվերումներ են արձանագրվել:
Եվ այսպես, 2022 թվականի հունվարին անշարժ գույքի շուկայում իրականացվել է օտարման 4 636 գործարք:
Օտարերկրյա քաղաքացիները հունվարին գնել են 105, վաճառել՝ 190 միավոր անշարժ գույք՝ հիմնականում բնակարաններ կամ տներ: Իսկ 2021-ի հունվարին օտարերկրացիները գնել էին 68 եւ վաճառել 103 անշարժ գույք:
ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների մեծամասնությունը ՌԴ-ից է. այդպես է նաեւ նախորդ տարիներին: Երկրորդ տեղում՝ ԱՄՆ, երրորդ տեղում Եվրոպական երկրների քաղաքացիներն են:
Նկատենք, որ վերջին տարիներին օտարերկրյա քաղաքացիները սկսել են ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել հայաստանյան անշարժ գույքի շուկայի նկատմամբ: Այս առումով ՎԿ-ն վիճակագրություն ներկայացնում է 2019-ից սկսած՝ առանձին հրապարակելով Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների գնած կամ վաճառած անշարժ գույքի գործարքների թիվը:
Ի դեպ, հենց 2019-ին էլ Հայաստանում օտարերկրացիներն ամենաշատն են անշարժ գույք գնել կամ վաճառել: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այդ տարի գնվել է 674, եւ վաճառվել 1266 անշարժ գույք:
2020-ի չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը նվազել է. օտարերկրացիները գնել էին 292 եւ վաճառել 576 անշարժ գույք:
Հետաքրքիր է, որ արդեն պատերազմի հաջորդ տարին՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում, կրկին աճ է արձանագրվել. օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 505 եւ վաճառել 993 անշարժ գույք:
Սա, հավանաբար, պայմանավորված է նաեւ Հայաստանից արտագաղթի ծավալներով, երբ մարդիկ, վաճառելով բնակարանները, պարզապես հեռացել են երկրից: Պատահական չէ, որ 2021-ին Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի բացասական սալդոն ռեկորդային է՝ — 73 հազար 571: Կարելի է ասել՝ վերջին 20 տարվա ընթացքում նման անհանգստացնող ցուցանիշ չէր արձանագրվել:
Ինչեւէ, տների առքուվաճառքի գործարքների ավելացմանը զուգահեռ Հայաստանում սկսել են բարձրանալ անշարժ գույքի գները:
Մասնավորապես, միայն մայրաքաղաքում անշարժ գույքը 2021 թվականի չորրորդ եռամսյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 1 քմ-ը մոտ 10 տոկոսով:
Բնականաբար, ամենաթանկը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են եղել. 2021 թվականի վերջում 1 քմ-ի գինը միջինը 672 հազար 600 դրամ է եղել, 2020-ի նույն ժամանակահատվածում այն 614 հազար 600 դրամ էր՝ 58 հազար դրամով էժան: Անշարժ գույքի գնի առումով երկրորդ տեղում Արաբկիր համայնքն է, որտեղ նախորդ տարի 1 քմ-ի միջին գինը 477 հազար 400 դրամ էր, մեկ տարվա ընթացքում այստեղ գինը բարձրացել է մոտ 38 հազար դրամով, երրորդ տեղում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքը՝ 348 հազար 700 դրամ, որտեղ էլ թանկացել է 31 հազարով: Դե իսկ ամենաէժան բնակարանները Նուբարաշեն համայնքում են եղել՝ 1 քմ-ը՝ 188 հազար 350 դրամ:
Այս տարվա տարեսկզբին անշարժ գույքի շուկայում գնաճը ավելի մեծ է եղել. Երեւանի Կենտրոնում բնակարանների 1 քմ-ի արժեքը 2022-ի հունվարին կազմել է 683 հազար դրամ, մինչդեռ 2021-ի հունվարին 608 հազար 500 էր: Արաբկիրում 1 քմ-ի արժեքը 2021-ի հունվարին 436 հազար 500 դրամ է եղել, այս տարի այն հասել է 483 հազարի: Նույն պատկերն է նաեւ մարզերում, որտեղ եւս անշարժ գույքի առքուվաճառքի գները շարունակական աճել են:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: