Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ ուղերձ են հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու Վեհափառ Հայրապետը խոնարհվել են նահատակված զինծառայողների հիշատակի առաջ եւ խորին ակնածանք հայտնել նրանց ծնողներին ու հարազատներին՝ միաժամանակ հավաստիացնելով, որ զինված ուժերի ներկայացուցիչների, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, եւ որեւէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին: «Այս սուրբ օրը շնորհավորենք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ եւ խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային եւ պետական շահերը պաշտպանելու համար»,-ընդգծել է գլխավոր շտաբի պետը: