Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 9-ին՝ օրվա ընթացքում, այնուհետեւ ամբողջ գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաեւ ականանետների կիրառմամբ պարբերաբար խախտել են հրադադարը:
15։50-ից մինչեւ մարտի 10-ի 05։40-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ-անոց տրամաչափի ականանետ է կիրառել արեւելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 ական։
Մինչ այդ` մարտի 9-ին՝ 14։00-14։30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ-անոց տրամաչափի ականանետի 2 ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։