ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կիրառած ականանետներից 1 քաղաքացիական անձ է վիրավորվել։
«Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաեւ ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք եւ երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների՝ բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ»,– գրել է Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ ակնհայտ է` նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսեւորում է։
Մյուս կողմից, ըստ ՀՀ ՄԻ պաշտպանի, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։
Գրիգորյանն այս տեղեկությունները ուղարկելու է համապատասխան միջազգային կազմակերպություններին եւ դեսպանությունների։
Խրամորթում վիրավորված տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ մարտի 10-ին՝ 10:35-ին, իրենց բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում վիրավորված եւ շտապ բուժհաստատություն տեղափոխված Խրամորթի բնակիչ, 1971-ին ծնված Սուրեն Բաղդասարյանի կյանքին վտանգ չի սպառնում: