Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը հայտարարել է, որ Չինաստանն անշեղորեն հավատարիմ է մնում Թայվանի հետ խաղաղ վերամիավորման ուղեգծին, բայց երբեք չի հանդուրժի դրա անկախությունը:
«Մենք անշեղորեն հավատարիմ ենք խաղաղ վերամիավորման ուղուն՝ «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքի հիման վրա։ Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք Թայվանական նեղուցի երկու ափերի խաղաղ վերամիավորման համար, բայց երբեք չենք հանդուրժի Թայվանի անկախությանը ձգտող եւ հայրենիքը պառակտել փորձող անջատողական ուժերի գործողությունները»,- շեշտել է Ու Ցյանը:
Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը դրա անբաժանելի մասն է, իսկ Թայվանի նեղուցի երկու ափերի բնակիչներն ունեն ընդհանուր ճակատագիր եւ արյունակից եղբայրներ են:
Ըստ Ու Ցյանի՝ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, եւ արտասահմանյան միջամտությունն անթույլատրելի է, ու որքան ԱՄՆ-ն ու Ճապոնիան թայվանական հարցի շուրջ աղմուկ բարձրացնեն, այնքան Չինաստանն ավելի կոշտ կգործի:
Տեղեկանք
Չինաստանի կենտրոնական կառավարության ու կղզու վրա գտնվող դրա նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949-ին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմկուսի դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել են Թայվան:
Գործարար եւ ոչ միայն գործարար շփումները կղզու ու Չինաստանի միջեւ վերականգնվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: