Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգներում վերջին 40 տարվա համար ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ Նախագահը նշել է, որ գնաճի մասին մարտի 10-ի զեկույցը հիշեցնում է, որ ամերիկացիների բյուջեները սպառվում են գների բարձրացման պատճառով, եւ որ ընտանիքները սկսում են զգալ պուտինյան գնաճի հետեւանքները։
«Այս ամիս էներգակիրների գնաճը հանգեցրել է ապրանքների թանկացման, քանի որ շուկաներն արձագանքել են Պուտինի ագրեսիվ գործողություններին»,– ասված է Բայդենի հայտարարության մեջ։
Բայդենը հավելել է, որ երկրի ներսում ծախսերը պայմանավորված են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանն ավելի բարձր գին է վճարում:
Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության՝ փետրվարի արդյունքներով երկրում սպառողական գներն աճել են տարեկան 7,9%-ով նախորդ ամսվա 7,5% աճից հետո, միայն փետրվարին դրանք ավելացել են 0,8%-ով: Տարեկան ցուցանիշը նախկինի պես մոտ է 40-ամյա վաղեմության ռեկորդներին: Ներկայում 1982 թվականի հունվարից ի վեր գնաճն ամենաբարձրն է: