Ռուսաստանը ժամանակավորապես կարգելի հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։
«Սահմանափակումը ժամանակավոր է եւ գործելու է մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը ցորենի, աշորայի, գարու եւ եգիպտացորենի վրա։ Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության տրամարդած արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի դրանից` արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։
Ըստ ՌԴ գյուղատնտեսության նախարարության՝ որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։ «ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնում արդեն գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները առանց մաքսատուրքերի»,- հավելել է ՌԴ կառավարությունը։
Ռուսաստանն աշխարհում ցորենի առաջին մատակարարն է։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության` այդ երկիրը 2020-ին արտահանել է ավելի քան 35 միլիոն տոննա հացահատիկ։
«Մեր նպատակն է ապահովել Ռուսաստանի պարենային անվտանգությունը եւ պաշտպանել ներքին շուկան ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է Ռուսաստանի կառավարությունը։
Հացահատիկի սահմանափակման հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայանալիք նիստում։