Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը գրավել են Վոլնովախա քաղաքը։
Գեներալը հավելել է, որ նրանք վերահսկողության տակ են վերցրել նաեւ Օլգինկա, Վելիկա–Անադոլ, Զելյոնի Գայ բնակավայրերը, առաջ են գնացել 6 կիլոմետր։
ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումներն, ըստ Կոնաշենկովի, շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլում: Արեւելյան, հյուսիսային եւ արեւմտյան ուղղություններից ընդհանուր առաջխաղացումը կազմել է մինչեւ 800 մետր:
Գեներալը հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, դուրս են եկել Պետրովսկոյե–Եվգենովկա–Օկտյաբրսկայա բնագիծ: Առաջխաղացումը կազմել է 17 կիլոմետր։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ռուսական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ԶՈՒ երեք ուղղաթիռ եւ ութ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 5 «Բայրաքթար» ԱԹՍ։ Բանակային եւ օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի եւս 107 օբյեկտ: