Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանը չեղարկել է համավարակի պատճառով դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Իրան թռիչքների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության որոշման համաձայն` թռիչքները դեպի նշված երկրներ այսուհետ կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ եւ օդային փոխադրումների վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:
Միաժամանակ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Անապայի եւ Կրասնոդարի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 20-ը։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ Ուկրաինայում սրված իրավիճակի պատճառով սահմանափակվում են թռիչքները Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող մի շարք օդանավակայաններ։ Դադարեցվել էր Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։