Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN Türk հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հնարավոր ամեն ինչ պետք է անենք պատերազմը դադարեցնելու համար։ Այս հարցում գնահատում ենք Թուրքիայի ջանքերը՝ ուղղված Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը։ Պատերազմը րոպե առաջ պիտի կանգ առնի»,- նշել է Ստոլտենբերգը։
Կարեւորելով պատժամիջոցների կիրառումը՝ Ստոլտենբերգը հայտնել է, որ իրենց բոլոր դաշնակիցներից նույնպես ակնկալում են պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի․ «Թուրքիան Ուկրաինային ցուցաբերած իր աջակցությամբ որոշիչ դեր է կատարում։ Այս հակամարտությունը Ուկրաինայի սահմաններից դուրս չպետք է տեղափոխվի։ Հակառակ դեպքում ավելի մեծ մարդկային կորուստների ու ավերածությունների պատճառ կդառնա»։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացումը տեղի է ունենալու Թուրքիայի ժամանակով 14։30-ին (Երեւանի ժամանակով 15:30-ին)։ Մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։
Ըստ Milliyet-ի հաղորդագրության՝ Ստոլտենբերգն առանձին հանդիպում է ունենալու նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը