Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինայում ոչ ոք զանգվածային ոչնչացման զենք չի մշակել: «Իմ հողի վրա քիմիական կամ զանգվածային ոչնչացման որեւէ զենք չի մշակվել, եւ ամբողջ աշխարհը դա գիտի»,- ասել է նա տեսաուղերձում:
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայում խորհրդային ժամանակների լաբորատորիաներ են, որոնք զբաղվում են սովորական գիտությամբ, ոչ թե ռազմական տեխնոլոգիաներով։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում Ուկրաինայի տարածքում գործում է վտանգավոր վարակների հարուցիչների հետ աշխատող 30 կենսաբանական լաբորատորիա։
Պենտագոնը հերքել է` պնդելով, որ ԱՄՆ-ն ուկրաինական հողում կենսաբանական զենք չի մշակում։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների համար օբյեկտներ, եւ Վաշինգտոնին մտահոգում է, որ ռուսական ուժերը կփորձեն հսկողություն հաստատել դրանց նկատմամբ։