Հայրենի կառավարությունում, ավելի կոնկրետ՝ ֆինանսների նախարարությունում, նստել, մտածել եւ օրենքի նախագիծ են մեջտեղ բերել, թե ինչ անեն, որ «կատվեն մի հնարքով ազատվեն»… Էս ի՞նչ եմ ասում, թե ինչ անեն, որ լրատվական կայքերի կյանքն անիմաստ տեղը ավելի ու ավելի բարդացնեն. հիշյալ նախարարությունը մշակել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ։
Մի փոքր նախապատմություն. 2019 թվականի հունիսի 19-ին կառավարության առաջարկով Ազգային ժողովը փոփոխություններ էր կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում, մասնավորապես՝ առաջարկելով դրա 10-րդ մասում կատարել հետեւյալ հավելումը՝
«Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին»:
Հիմա, այս նոր նախագծով առաջարկվում է՝
«…չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին» բառերի փոխարեն նշել «թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն»։
Մինչ հոդվածը շարադրելը, տողերիս հեղինակը խորհրդատվության համար դիմեց համացանցի հնարավորություններին տեղյակ լավագույն մասնագետներից մեկին։ Վերջինս թեւ հաստատեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն տալիս են, որպեսզի կայքերը կարողանան պլանավորել գովազդը ժամանակային որեւէ միջակայքում եւ սահմանափակեն նաեւ րոպեները, այդուհանդերձ հավելեց, որ դա բերելու է լրացուցիչ ծախսերի, իսկ այդ կարգավորման պահպանել / չպահպանելու վերահսկողությունը շատ բարդ է իրականացնել։
Մենք ցանկանում ենք հատուկ շեշտել հենց վերահսկողության հարցը, որովհետեւ այս փոփոխության հիմնավորումներում, որն, ի դեպ, ստորագրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նշված է.
«…չկան հստակ չափորոշիչներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման համար»։
Փաստորեն այս նոր նախագծի հեղինակները կարծում են, թե ինտերնետային լրատվական կայքի բովանդակությանը ժամը 22։00-ից մինչեւ ժամը 07։00-ը վերահսկելը ավելի հեշտ է, քանի էջի ծավալի 20 տոկոս հաշվե՞լը։
Անհեթեթություն անհեթեթությանց։
Հայաստանում արդեն իսկ մի քանի տասնյակ, եթե չասեմ հարյուր լրատվական կայք կա. ճիշտ թիվը հնարավոր էլ չէ պարզել, որովհետեւ դրանք անընդհատ ծնվում ու փակվում են։ Արդ, քանի՞ մարդ պիտի ժամը 22։00-ից մինչեւ 07։00 չքնի, որպեսզի հետեւի՝ ո՞ր կայքը վիճակախաղի գովազդ տեղադրեց, քանի անգամ, քանի րոպե։ Իսկ գուցե ֆիննախի մտքի գիգանտներին թվում է (ուսանողներս կասեին՝ «հենց թվում է՝ թող խաչակնքեն»), թե կարելի է հարյուրավոր կայքերի գիշերային, պայմանական ասած՝ «եթերները» հեռուստահաղորդումների նման տեսագրել ու առավոտյան նայե՞լ։ Էլի նույն հարցը՝ քանի՞ մարդ պիտի զբաղվի դրանով։
Լավ, մի քիչ երեւակայենք, ու ենթադրենք, թե տեսանյութերով գովազդների րոպեները հաշվեցին (եթե իհարկե, կրկնեմ, ֆինանսների նախարարությունը կարող է այդքան մարդ պահել)։ Իսկ ի՞նչ անել միայն տեքստային գովազդը։ Թե՞ այդ գովազդը տեղադրելուց առաջ պետք է որոշ մարդկանց սոցցանցային գրառումների նման նշում անել. «Ուշադրություն, ջնջվող գովազդ, կարդացեք, քանի չի անհետացել…»։ Այսինքն՝ տեքստը 22:00-ին տեղադրվելու է, իսկ 22:03-ին անհետանա՞։ Ո՞վ է դա արձանագրելու։
Նորից ասեմ՝ անհեթեթություն անհեթեթությանց. եթե մի բանը վերահսկելի չէ եւ խախտելու դեպքում էլ հետեւանք չի առաջացնելու, ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ գրել օրենքում։
Ինքս ինձ վրա զարմանում եմ, որ դրել ու սենց լուրջ խոսում եմ մի նախագծի մասին, որը, կարծես թե, հեգնանքից բացի այլ բանի արժանի չէր։
Հիմա եկավ նաեւ հեգնանքի պահը։
Հարգելիներս, մի՞թե հարիր է մի ամբողջ ֆինանսների նախարարության էսքան նեղ բռնել։ Էս սահամանափակումը այդ սրիկա կայքերին քիչ է, ավելի մասշտաբային գործեք, մասշտաբային։
Օրինակ՝ սահմանեք, որ կայքերում զուգարանի թղթի գովազդը կարելի է տեղադրել միայն նախարարների հանդիպումների մասին տափակ հաղորդագրություններին կից, իսկ, ասենք, դեզադորանտի գովազդը՝ միայն ՀՀ ԱԺ պատգամավորների սֆաթների տակ։ Եվ ամենակարեւորը՝ փամփերսի գովազդը միայն հինգշաբթի օրերին ու միայն կառավարության նիստից մեկ ժամ շուտ, որպեսզի նախարարներն իմանան՝ որը գնեն նիստի գնալուց առաջ։ Մարդ ես, էլի, կարող է նիստից հետո նույն սրիկա կայքերի աներես լրագրողներն անհարմար հարցեր տան…
Նորից լրջանանք ու դիմենք այս օրենքը երկնածներին. հանեք այդ անհեթեթ նախագիծը շրջանառությունից։ Էն քսան տոկոսը (որը նույնպես ինքնին մի բան չի) գոնե հաշվելի է։ Իսկ նախատեսվող փոփոխությունը ոչ վերահսկելի է, ոչ բյուջեն է ավելացնելու, ոչ էլ դրանով խաղամոլների քանակն է կրճատվելու։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։