Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է Արեւմուտքին՝ Ղրիմի հարցում անտարբերություն ցուցաբերելու համար, հայտնում է Sabah օրաթերթը։
«Մենք խիստ անհանգստացած ենք, որ մեր հարեւանների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը վերածվել է լուրջ հակամարտության։ Հարձակողական գործողությունները ոչ մի կերպ չենք կարող ընդունելի համարել։ Մենք դեմ ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ցանկացած գործողության՝ գլխավորապես Ղրիմի անեքսիային։ Սրա մասին բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնել ենք։ Ե՛վ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ հանդիպումներում այս հարցն օրակարգի մաս է եղել»,- ասել է Էրդողանը։
«Եթե 2014 թվականին Ղրիմի գրավման ժամանակ ամբողջ Արեւմուտքը, ամբողջ աշխարհը լուռ չմնային, նորից կկանգնեի՞նք այսօրվա պատկերի առաջ։ Բայց Ղրիմի գրավման ժամանակ լուռ մնացած երկրները հիմա սկսել են խոսել։ Լավ, այդ արդարությունը աշխարհի մի կեսի վրա գործում է, մյուս կեսի վրա ո՞չ։ Սա ի՞նչ աշխարհ է»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը