Ի՞նչ անհրաժեշտություն կար, որ Արցախի Ազգային ժողովը «Բռնազավթված տարածքների մասին» օրենք ընդունի։ Այն էլ՝ անպայման փետրվարին։ Արագացված ընթացակարգով, երբ առաջին եւ երկրորդ ընթերցումով քննարկումների միջակայքը հազիվ մեկ շաբաթ էր։ Ընդ որում, խորհրդարանը մինչ այդ սահմանադրական փոփոխություն էր կատարել եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի ընդունումը հետաձգել հինգ տարով։
Երբ հետահայաց նայում ես «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունման ժամանակագրությանը, քեզ բռնում ես այն մտքի վրա, որ Արցախի Ազգային ժողովում այն քվեարկվել է փետրվարի 18-ին։ Դոնեցկի եւ Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչվելուց ընդամենը չորս օր առաջ։ Պատահակա՞ն է։
Ստեփանակերտում միշտ էլ «մոսկովյան ժամանակով» են առաջնորդվել։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո, երբ անվտանգության, կենսագործունեության փաստացի երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է, քաղաքական նման որոշման ենթատեքստը հստակ առնչվում է Ուկրաինայի իրավիճակին, հանգուցալուծման հեռանկարին։
Հաշվարկն, ըստ երեւույթին, այն էր, որ Ռուսաստանը մի քանի օրում «կարգի կհրավիրի» ուկրաինացիներին։ Եվ կգա «Ադրբեջանի հերթը»։ Չէ՞ որ Իլհամ Ալիեւը մինչ այդ եղել էր Կիեւում, աջակցություն հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, իսկ Թուրքիան բացահայտ ռազմական օգնություն էր ցուցաբերել։
Ո՞վ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Արցախի քաղաքական ուժերին ներշնչել, որ Ռուսաստանը «կպատժի Ադրբեջանին»։
Ո՞վ է կազմակերպել, որ Հայաստանի մտավորականությունը հանդես գա ի պաշտպանություն «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի։ Ինչո՞ւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց անդրադառնալ մտավորականների հայտարարությանը, հիշեցնել Ավետիք Իսահակյանի հուշերի այն հատվածը, որտեղ վկայաբերված են Լեոյի տվայտանքները եւ ապաշխարանքը։
Ինչո՞ւ Ստեփանակերտում չբավարարվեցին ԴԺՀ-ԼԺՀ ճանաչման մասին Արայիկ Հարությունյանի բավական զուսպ հայտարարությամբ։ Ինչո՞ւ ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունը հարկ համարեց պատվիրակություն գործուղել Մոսկվա։ Ինչո՞ւ Արցախի համար չափազանց խորհրդանշական «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանին հարող տարածքում նույն «Արդարությունը» հանրահավաք կազմակերպեց՝ աջակցություն հայտնելով ԴԺՀ-ԼԺՀ-ին։ Ինչո՞ւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախը 14 տոննա մարդասիրական օգնություն է առաքել Դոնբաս։
Արցախում թշնամական կողմի վերջին գործողությունները տեղի են ունենում «ղարաբաղյան սրացման» այս համապատկերում։ Գումարած, որ Հայաստանի ԱԱԾ-ն էլ նույն օրերին ՊԲ-ում ադրբեջանական գործակալի բացահայտման մասին տեղեկություն տարածեց։ Հայաստանի եւ Արցախի, Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ կա՞ գործնական երկխոսություն։
Արցախում դժգոհում են, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ չի գումարվել, վարչապետ Փաշինյանը քաղաքական ուժերի, նույնիսկ Ազգային ժողովի նախագահի հետ որեւէ քննարկում չի ունեցել, արտգործնախարար Դավիթ Բաբայանը մշտապես խոսում է, որ չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, բայց մշտապես ընդգծում է, թե «պետք է իմանալ խաղաղության գինը»։
Ակնարկը բավական թափանցիկ է։ Արցախում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին կասկածամտորեն են նայում, կա մեծ զգուշավորություն, որ ԼՂ կարգավորումը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման «ճահճում կթաղի»։ Բայց ինչո՞ւ այդ մտահոգությունը չի քննարկվում Երեւան-Ստեփանակերտ ձեւաչափով՝ արտաքին գործերի նախարարների, խորհրդարանական ուժերի մակարդակով։
Իրավիճակն, իրոք, չափազանց բարդ է, ուկրաինական ճգնաժամը հավելյալ մարտահրավեր է, բայց մի՞թե «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը կամ հաջակցություն ԴԺՀ-ԼԺՀ-ի հանրահավաքը նպաստում է ԼՂ-ի կարգավորմանը, ամրապնդում հայկական կողմերի դիվանագիտական դիրքերը։ Արցախում թշնամին անցել է իրավիճակի սրման եւ հետեւողականորեն մեծացնում է ճնշումը։
Ակնհայտ է, որ ինչքան Ռուսաստանը «խրվի» Ուկրաինայում, այնքան Ադրբեջանի համար «լեգիտիմանում է» Արցախում ուժի կիրառման հնարավորությունը։ Զինադադարի, Արցախում խաղաղ բնակչության կենսագործունեության երաշխավորը Ռուսաստանն է։ Բայց ստեղծված իրավիճակում Ադրբեջանին ի՞նչ կարող է «հորդորել» Մոսկվան, երբ ամբողջ աշխարհը նրան մեղադրում է ուկրաինական քաղաքների ավերման եւ մարդասիրական աղետի համար։
Ալիեւը բաց չի հակադրվի Ռուսաստանին։ Ալիեւը կփնտրի առիթներ, որ աշխարհին ներկայանա որպես «զինված ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ»։ Ստեփանակերտում նման հաշվարկներ արվո՞ւմ են։ Եթե Բաքվից արցախյան որեւէ պաշտոնյայի հայտարարությանը չեն անդրադառնում, ապա դրանից չի հետեւում, թե չեն նկատում, չեն կարեւորում, հետեւություններ չեն անում։
Այս առումով ո՞րն է «ղարաբաղյան սրացման» նպատակը, ի՞նչ իրական շահ ունենք մենք դրանից՝ մնում է խիստ կասկածելի։ Քաղաքական անհամարժեքությունից մենք արդեն իսկ խստագույնս տուժել ենք։ Ո՞ւր է տանում հերթական «սրացումը»։ Ո՞վ է պատասխանատու վաղվա համար։ Ստեփանակերտում նման հարցադրումներ արվո՞ւմ են։ Վերջին երեք օրվա լարվածության ֆոնին լռություն է տիրում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։