Ռուսաստանը որոշել է մինչեւ օգոստոսի 31-ը արգելել հացահատիկի՝ ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի եւ տարեկանի խառնուրդ), գարու եւ եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։
Ռուս-ուկրաինական պատերազմի առաջադրած լուրջ մտահոգություններից մեկը պարենի ու հատկապես հացահատիկի անբավարարության խնդիրն է, որը կարող է առաջանալ այս տարի ողջ աշխարհում։
Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի խոշորագույն հացահատիկ արտադրողներն են։ Երկուսը միասին նաեւ աշխարհում ցորենի խոշոր արտահանողներ են՝ ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման մոտ 30 տոկոսը։
Եթե պատերազմը երկար շարունակվի, Ուկրաինայում ցորենի արտադրությունը վտանգի տակ կհայտնվի, արտահանելու փոխարեն միգուցե այդ երկիրն ինքը հացահատիկի խնդիր ունենա։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ արեւմտյան պատժամիջոցների պատճառով այդ երկիրը կանգնի ֆինանսական այնպիսի խնդիրների առաջ, որ չկարողանա վարկավորել տնտեսավարողներին ու հատկապես գյուղատնտեսությանը։ Իսկ դա ցորենի արտադրության նվազման պատճառ կդառնա։
«Չմոռանանք, որ 2020-ին քովիդի պատճառով Ռուսաստանն արգելեց ցորենի արտահանումը։ Ճիշտ է, դա չվերաբերեց ԵԱՏՄ երկրներին, անգամ ԱՊՀ-ին, բայց մեզնից որեւէ մեկը չգիտի, թե այս տարի ՌԴ-ն պարենային անվտանգության ինչ վիճակում կհայտնվի։ Այնպես որ այդ խնդիրը կա, եւ մենք կանգնած ենք հացահատիկի գնաճի ու պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առաջ»,- ասում է պատգամավորը։
Հայաստանն անհրաժեշտ ցորենի գերակշիռ մասը ներկրում է ՌԴ-ից։ Մաքսային տվյալների համաձայն՝ 2020-ին ներկրվել է 350 հազար տոննա ցորեն, որից 347 հազար տոննան՝ ՌԴ-ից։ Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է նաեւ մեսլին, ալյուր եւ ցորենից պատրաստվող այլ մթերք՝ մակարոնեղեն, հրուշակեղեն։
Հայաստանը կարող է ստեղծել իր հացի պաշարը
Հայաստանը տարեկան սպառում է մոտ կես միլիոն տոննա ցորեն, իսկ ընդհանուր առմամբ անհրաժեշտէ
է տարեկան մինչեւ 1 միլիոն տոննա հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այդ թվում նաեւ՝ պահուստները։ Այս 1 մլն տոննայից Հայաստանն, օրինակ, 2021 թվականին արտադրել է ընդամենը 220 հազար տոննա հացահատիկ, որից 130 հազարը ցորենն է։ Եվ 2022-2023 թվականների համար հացահատիկի, կերատեսակների եւ սերմացուի ընդհանուր պահանջարկը բավարարելու, ինչպես նաեւ պահուստ ունենալու համար անհրաժեշտ է ներկրել շուրջ 750 հազար տոննա:
Վերջին տարիներին այս պահանջարկը բավարարելու համար ՌԴ-ից զատ ՀՀ-ն որոշակի ծավալներ է ներկրել նաեւ Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Ղազախստանից։ Կկարողանա՞ նաեւ այս տարի այդքան ներկրել։ Այս պահի դրությամբ դրա հավանականությունը կասկածելի է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Իհարկե, դա գիտակցում են նաեւ իշխանություններն ու վարչապետի մակարդակով գյուղացիներին հորդորում են մշակել բոլոր հողերը։
Տարբեր գնահատականներով ՀՀ մշակելի հողատարածքների մոտ 50 տոկոսը չի մշակվում։ Խաչատրյանն ասում է՝ երկարաժամկետ, ռազմավարական առումով հարցի կայուն լուծումը մեր երկրում սերմնաբուծության զարգացումն ու հացահատիկի արտադրության խթանումն են։ «Կառավարությունը սկսեց չսուբսիդավորել գարնանացանը, դա ոչ միայն հացահատիկի արտադրությանն է վնասում, այլեւ անասնաբուծությանն ու թռչնաբուծությանը, որովհետեւ գարնանացանի հիմնական բուսատեսակը գարին էր, ինչի զգալի մասը անասնակեր է»,- ասում է պատգամավորը։
Տարիներ շարունակ ՀՀ-ն 50-80 հազար տոննա ցորեն է ստացել Արցախից, դա կազմել է ներկրման մոտ 30 տոկոսը, ինչը պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր էր մեր երկրի համար։ 44-օրյա պատերազմից հետո այդ հողերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ու Հայաստանը զրկվեց այդ հնարավորությունից։ Եվ եթե, օրինակ, 2016-ին հայկական երկու պետությունները միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոննա հացահատիկ՝ ընդհանուր պահանջարկի մոտ 57 տոկոսը, 2021-ին մեր երկիրն արտադրել է ընդամենը 220 հազար տոննա հացահատիկ՝ 2,8 անգամ պակաս։ Եվ այն կազմում է մեր ընդհանուր պահանջարկի ընդամենը 23 տոկոսը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը, սակայն, կարծում է, որ մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը տարիներ շարունակ Հայաստանն ու հատկապես Արցախը շատ ավելի հացահատիկ էին արտադրում, քան պաշտոնապես ներկայացվում էր։ Նա ասում է, որ այդ ժամանակ շատ պաշտոնյաների ձեռնտու չէր ճիշտը ներկայացնելը, քանի որ նրանք ներգրավված էին ցորենի բիզնեսի մեջ։ Անգամ փորձագետներն էին դա կեղծում։ «Այդ փորձագիտական կարծիքները վճարովի են եղել։ Երբ գյուղնախարարություն կար, այնտեղ կոռումպացված չինովնիկներն էին, որոնց վճարել են ներմուծողներն ու այլ գործ անողները, որպեսզի ուրիշ թվեր ներկայացնեն։ Ձեռնտու չէր իրականությունը ներկայացնել։ Արցախում անգամ տարին երկու անգամ է հացահատիկի բերք եղել, սրա մասին չի էլ բարձրաձայնվել»,- ասում է տնտեսագետը։
Իսկապես, միշտ էլ եղել են քննադատություններ, որ Հայաստանի ու Արցախի գեներալները ազատագրված հողերում ահռելի քանակությամբ հացահատիկ են մշակում, եւ դա արվում էր ստվերային կերպով, չէր կազմում վիճակագրության մաս, սպառումից էլ հարկեր չէին վճարվում։ Դա նրանց ստվերային հարստությունն էր։ Այնուամենայնիվ, Մանասերյանը հավատացնում է, որ թեեւ այդ հողերը հիմա թշնամու վերահսկողության տակ են, բայց Հայաստանի ու Արցախի հողերը, եթե ամբողջությամբ ու ճիշտ մեթոդներով մշակվեն, մեր երկու երկրների գոնե ցորենի պաշարը կապահովեն։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։