«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր գյուղից ոչ ոք դուրս չեկավ՝ ո՛չ կին, ո՛չ երեխա, Ավետարանոցը ապահով էր ու անվտանգ, հարեւան գյուղերից էլ մեզ մոտ ապաստանեցին»։ 62-ամյա Զինաիդա Համբարձումյանը երբեւէ չէր պատկերացնի, որ 30 տարի անց կհայտնվի այսպիսի կարգավիճակում. կկորցնի տուն-տեղ, ունեցվածք եւ կապաստանի երեւանյան դպրոցներից մեկում:
Երանությամբ է հիշում գյուղը, իրենց առօրյան՝ մեծ ու փոքր խնդիրներով: «Ավետարանոցը ապրող, զարգացող ու հարուստ գյուղ էր»,- պարծանքով է հիշում տիկին Զինաիդան: Դուստրը՝ Մարիամն էլ ավելացնում է. «Թանգարան էր բաց երկնքի տակ. բարձունքին՝ Քիրս լեռան «բռունցքը», ստորոտին՝ հուշարձաններ որքան ուզեք»:
Եվ իսկապես, պատմական հուշարձաններով հարուստ է Ավետարանոց (նախկինում՝ Չանախչի) գյուղը, որը եղել է Վարանդա գավառի կենտրոնը՝ մելիքության նստավայրով։ Ս. Աստվածածին եկեղեցին, բլրի վրա՝ պարիսպներով պաշտպանված Ս. Նշան Կուսանաց անապատը, Սրբոց Ղեւոնդյանց վանքերը, Մելիք-Շահնազարյանների ապարանքներն ու տոհմական դամբարանները, տասնյակ խաչքարեր:
2003 թվականի տվյալներով Ավետարանոցում 1156 մարդ էր ապրում, զբաղվում էին անասնապահությամբ, այգեգործությամբ, արտագնա աշխատանքի մեկնողները քիչ էին, երիտասարդները գյուղի հետ էին կապում իրենց ապագան:
«Իմ կյանքը, ամուսնուս, զավակիս, եղբորս գերեզմաններն եմ թողել այնտեղ»,- արցունքները զսպել չի կարողանում տիկին Զինաիդան. վախենում է այն մտքից, թե ինչպես կվարվեն դրանց հետ:
Ամուսինը Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է եղել: Վարորդ էր. երկու զինվորական մեքենա թշնամու քթի տակից փախցրել էր, որոնք հետո ծառայել են մարտական գործողություններում:
Չորս զավակն էլ Ավետարանոցում են ծնվել: Կորցրել են տասը տարեկան դստերը, ավագ որդին ամուսնացել եւ կնոջ հետ տեղափոխվել է Ասկերան:
Տիկին Զինաիդան հոկտեմբերի 4-ին է 92-ամյա սկեսուրի, հարսի, դստեր ու հինգ թոռների հետ եկել Երեւան: «Սեբաստացի» կրթահամալիրը, Համբարձումյանների ընտանիքից բացի, պատերազմի առաջին օրերին եւս 60 հոգու է հյուրընկալել այս կացարանում, որը նախատեսված է կրթական փոխանակումների համար։ Կենցաղային նվազագույն պայմաններն այստեղ ապահովված են:
Զինաիդայի ավագ որդին Ասկերանի ԱԻՆ փրկարար ծառայությունում է աշխատում, հարսը՝ զինվորական հոսպիտալում, չի կարողացել միանալ իրենց, երեխաներին սկեսուրի հետ ուղարկել է Երեւան:
Դուստրը՝ Մարիամը, պատրաստվում է Ստեփանակերտ վերադառնալու, երկու տարի առաջ այնտեղ ամուսնու հետ հիփոթեքային վարկով բնակարան են ձեռք բերել, խանութ վարձակալել: Պայթյունի հետեւանքով ապակիները կոտրվել էին, օրեր անց խանութը թալանված են գտել: Բնակարանի համար ստիպված են ամսական 90 000 դրամ վճարել, աշխատանք չունեն, սոցիալական որեւէ աջակցություն չեն ստացել, քանի որ գրանցված են Ստեփանակերտում, թեեւ ապրում էին Ավետարանոցում՝ տատից ժառանգություն ստացած տանը:
Մարիամը ֆոտոխցիկի առջեւ երեւալ չի ուզում, «ինձ ոչինչ պետք չէ, մի դուռ կբացվի», ասում է՝ կարեւորը ընտանիքի հարցերը լուծվեն, մոր ու տարեց տատի համար ավելի դժվար է համակերպվել նոր իրականությանը: Կրտսեր եղբայրը վերադարձել է Ասկերան, օգնում է եղբորը՝ կիսակառույց տունը բարեկարգելու: Երկուսենյականոց տանը 11 հոգի պետք է ապրի ՝ մայրը, տատը, երկու եղբայրներն՝ իրենց ընտանիքներով: Միայն երկուսն են աշխատում, հազիվ հասցնում են բազմանդամ ընտանիքի ամենօրյա կենցաղային կարիքները հոգալ: Տունը նորոգման ենթակա է, սանհանգույցը չի գործում, չկան տարրական պայմաններ, կահույք: Եղբայրը մասնագիտությամբ մեխանիկ է, վարկով գումար էր վերցրել, տրակտոր գնել, գյուղատնտեսական աշխատանքներով էր ապրուստը վաստակում. տրակտորը չկա, իսկ վարկը պետք է մուծել:
Կրթահամալիրի տնօրենությունն անում է հնարավոր ամեն բան, որ ընտանիքն օր առաջ միավորվի: Պատերազմի առաջին օրերից 500 արցախցի երեխա ուսումնառությունն այս դպրոցում է անցել, կրթահամալիրն իր ուժերով հավաքել է ավելի քան 2.7 միլիոն դրամ ու նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Հյուսիսային դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը պատմեց, որ կազմակերպել են նաեւ բարեգործական համերգ, որի հասույթը տրամադրվել է Վայոց ձորում բնակվող, տեսողությունը կորցրած զինվորի՝ Վրեժի աչքի վիրահատության ծախսերը հոգալու համար. զինվորը երկու օրից կմեկնի Մոսկվա:
«Հոգատարություն» նախագծի շրջանակում այժմ էլ փորձում են օգտակար լինել Համբարձումյանների ընտանիքին: Կրթահամալիրում ազգագրական փառատոնի շրջանակում մի խումբ ուսուցիչներ ազգային օրորոցային երգեր են ձայնագրել, ձայնասկավառակ թողարկել («Հակաբացիլ նանիկներ»), որի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Համբարձումյանների ընտանիքին՝ տունը վերակառուցելու, կահավորելու համար:
Ընտանիքին աջակցելու համար բացվել է հաշվեհամար. կարեւոր է ցանկացած ներդրում:
Arca վճարային համակարգով՝ 5527310000028775
Ստացող՝ Առնոլդ Բլեյան
Բանկային փոխանցմամբ՝ 2050922043741001
Ստացող՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։