Meta-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Facebook-ի եւ Instagram-ի նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղի օգտատերերին իրենց «զայրույթն» արտահայտել Ռուսաստանի զորքերի հասցեին։
Բացի դրանից՝ Meta-ն հայտնել է նաեւ, որ Facebook-ն ու Instagram-ը ռուսատյացություն եւ ռուսաստանցիների հանդեպ ցանկացած խտրականություն չեն հանդուրժի։
Ըստ Meta-ի պաշտոնական ներկայացուցչի՝ Facebook-ի եւ Instagram-ի նոր խմբագրական քաղաքականությունը ժամանակավոր միջոց է, որը կիրառվում է «աննախադեպ հանգամանքներում»։
Ամերիկյան Meta բազմազգ հոլդինգի ներկայացուցիչ Էնդի Սթոունը մարտի 11-ին հայտնել էր, որ Meta-ն որոշել է մեղմացնել ատելության խոսքի կանոնները (hate speech) եւ ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչեր անել, մասնավորապես՝ «Մահ ռուս զավթիչներին» կոչը։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը, արձագանքելով ընկերության որոշմանը, նշել է, որ Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերն այդ ինտերնետ-հարթակների ղեկավարներին իրավունք չեն տվել որոշելու ճշմարտության չափանիշները եւ մի ժողովրդին հանելու մյուսի դեմ։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր դատարան՝ խնդրելով Meta-ն (Facebook, Instagram, WhatsApp) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն եւ Ռուսաստանում արգելել այդ ընկերության գործունեությունը։
Իր հերթին ամերիկյան Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մաքադամսը սոցիալական ցանցերում բռնության կոչեր թույլ տալը ռասիզմ է որակել։