ՀՀ արդարադատության նախարարության Պետռեգիստրի պետ Տաթեւ Մկրտչյանը հաստատել է, որ Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներն այստեղ արդեն հարյուրավոր ձեռնարկություններ են բացել։
Մկրտչյանը նշել է, որ ՌԴ քաղաքացիների ձեռնարկություններ բացելու համար ներկայացվող հայտերի թիվը վերջին տասն օրվա ընթացքում կտրուկ աճել է։ ՀՀ ժամանող ՌԴ քաղաքացիներն առավել հաճախ, ըստ Մկրտչյանի, իրենց բիզնեսը որպես Անհատ ձեռնարկատեր (ԱՁ) եւ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) են գրանցում:
«Վերջին 20 օրվա տվյալները դեռ չունենք, սակայն կարող եմ ներկայացնել մարտի 7-ինը։ Միայն այդ օրը ՌԴ քաղաքացիությամբ 81 ԱՁ է գրանցվել,այն դեպքում, երբ հունվարին ՌԴ քաղաքացիությամբ ԱՁ-ների թիվը եղել է 21»,- հավելել է Մկրտչյանը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Մկրտչյանը նշել է, որ ոլորտային ուղղվածության առումով Հայաստանում սկզբնական հաշվառման կամ գրանցման համար դիմած ՌԴ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն առնչվում է տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ ծրագրային մշակմանը, այսինքն` IT բնագավառին։ Ըստ պետռեգիստրի ղեկավարի` մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում նաեւ լոգիստիկայի ոլորտին։
Պետռեգիստրի պետը նշել է նաեւ, որ ձեռնարկություն գրանցելու համար, այդ թվում ոչ ռեզիդենտ անձի կողմից, արագ եւ հեշտ կարգ է գործում։ Նմուշային փաստաթղթերի եղանակով կես ժամվա ընթացքում կարելի է ՍՊԸ գրանցել, ԱՁ-ի գրանցման դեպքում կպահանջվի մինչեւ 10 րոպե, իսկ եթե ոչ տիպային փաստաթղթերով իրավաբանական անձ են գրանցում, մանավանդ, երբ մասնակիցները միայն ֆիզիկական անձինք են, այդ դեպքում գրանցումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Մկրտչյանը հավելել է, որ առցանց գրանցման հնարավորություն եւս կա, սակայն օտարերկրյա քաղաքացիների համար այդ կարգը չի գործում, քանի որ ՌԴ քաղաքացիները չունեն հայկական ID քարտ: Բանն այն է, որ Հայաստանում e-register կայքում նույնականացումն արվում է գրանցման եւ հաշվառման ժամանակ բացառապես ID քարտերին կցված էլեկտրոնային ընթերցող սարքի միջոցով։