Գյումրու համայնքային ցուցասրահում քաղաքի ամենավառ կոլորիտային դեմքերից մեկի՝ նկարիչ Վազգեն Ստեփանյանի «Ապրելու բանաձեւ» առաջին անհատական, հետմահու ցուցահանդեսն է։ Ներկայացված էին մոտ չորս տասնյակ նկարներ, որոնցում արտացոլված էր Գյումրին՝ իր ներս ու դրսով, նիստ ու կացով, առօրյայով։
Ցուցադրության մտահղացումը գյումրեցի արվեստագետներ Արաքս Մարգարյանինն ու Ժակլին Սարգսյանինն էին, իրականացնողը եղավ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը։
Բացման խոսքում արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը նշեց, որ նկարներում արտացոլված է Գյումրու չկոտրվող էությունը։ «Այսօր արվեստը աղմուկ է պարունակում, բայց Վազգենի նկարներում լռություն կա»։
Հնագետ Համազասպ Խաչատրյանը կարծում է, որ ցուցահանդեսը ժամանակից բխող անհրաժեշտություն էր, ասում է՝ այսօր մշակույթի, առավել եւս կերպարվեստի ոլորտում անհեթեթությունը շատացել է․ «Մնայուն գեղարվեստի փոխարեն անցել են վայրկյանների կյանք ունեցող ֆլեշմոբներին, որոնք հետք չունեն ու բովանդակազուրկ են»։
Նկարչի մոտ ընկերը՝ Սուքիաս Ավետիսյանը, վստահեցնում է, որ Վազգենը չէր սիրում ցուցադրվել, ուզում էր պարզապես մարդկանց հետ շփվել նույն հարթության մեջ։
«Վազգեն Ստեփանյան մարդը, գյումրեցին այսօր պակասում է մեր իրականության մեջ»,- ասում է Ավետիսյանն ու հույս հայտնում, որ նախաձեռնությունը շարունակություն կունենա։
«Գյումրին Գյումրի դարձնողը Վազգենն ու նրա նման արվեստագետներն էին, նա քաղաքին դեմք ու ինքնատիպություն էր տալիս,- ասում է նկարիչ Վալերի Խաչատրյանը,- նա երբեք չհաճոյացավ ժամանակին: Եթե փորձեր հաճոյանալ, մեծահարուստ կլիներ»։
«Ասելիքի մեջ դիպուկ, գունային ու պատկերների ընտրության մեջ վստահ նկարիչ է Վազգեն Ստեփանյանը»,- ասում է նկարիչ Արթուր Մուրադյանը։ Ափսոսում է, որ չի հասցրել վարպետության դասեր առնել Ստեփանյանից, բայց վստահ է՝ նրա մնայուն գործերը դեռ բազում սերունդների են կրթելու։
Ցուցահանդեսը հանդիսատեսի համար բաց կլինի շուրջ մեկ ամիս։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։