Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է Sabah օրաթերթը։
Խոսելով Ռուսաստան-Ուկրաինայի պատերազմի մասին՝ նախարարը նշել է, որ իրավիճակը շատ սրված է, եւ ճիշտ չի լինի որեւէ մեկնաբանություն անել այս հարցում։ Հայտնել է նաեւ, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերն այս պահին, իհարկե, չեն իրականացվում, դրանց մասին խոսել կարելի է միայն զինադադարից ու խաղաղության հաստատումից հետո։
«Ներկայումս շատ է խոսվում Ուկրաինայում կիրառվող թուրքական անօդաչուների մասին, բայց սա օրակարգ բերելն անիմաստ է դրանց արտադրման վայրը Թուրքիան է, բայց արտադրանքն արդեն պատկանում է Ուկրաինային։ Եվ այդ երկիրը, իհարկե, լիովին ազատ է դրանք կիրառելու։ Մեր մոտեցումը պատերազմին հետեւյալն է՝ կրակի վրա յուղ չլցնել։ Ու բոլոր պետություններին նույն խորհուրդը կտանք՝ իրավիճակն ավելի սրելու փոխարեն կարգավորման հնարավոր ուղիներ փնտրել»,- ասել է Դեմիրը։
Իսմայիլ Դեմիրը նշել է նաեւ, որ Թուրքիան այս պահին ունի հակաօդային պաշտպանության չորս համակարգ՝ Korkut, Sungur, HİSAR A+, HİSAR O+։ Կատարվել են նաեւ Siper համակարգի առաջին փորձարկումները։ Իսկ թուրքական արտադրության Altay ժամանակակից մարտական տանկերի համար շարժիչներն արդեն բերվել են Հարավային Կորեայից, ու այս պահին կատարվում են տանկի նախատիպի փորձարկումները։
«Ինչ վերաբերում է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորմանն ու ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը, ապա սրա մասին խոսելու համար դեռ շատ շուտ է։ Թուրքիան տրամադրված է դրական հարաբերություններ կառուցելու։ Մենք այլեւս կախյալ, միայն ներկրող պետություն չենք։ Սա ոչ միայն Իսրայելի դեպքում է կարեւոր, այլեւ մյուս պետությունների։ Մենք հստակ նպատակ ունենք հատկապես ռազմավարական նշանակության արտադրանքի հարցում կախվածությունը զրոյի հասցնելու»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը