ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետները, Օքսֆորդի համալսարանի փորձագետների համագործակցությամբ, պատմության մեջ առաջին անգամ հասարակական կարծիքի խոշորագույն հարցումն են անցկացրել համաշխարհային գործընթացների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ հարցմանը մասնակցել է 50 երկրից շուրջ 1,2 միլիոն մարդ: Ընդ որում, հետազոտության շրջանակում խաղերի միջոցով կատարվել է հատուկ հարցում մինչեւ 18 տարեկան պատանիների շրջանում:
Հարցման մասնակիցների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում է արտակարգ իրավիճակ՝ անգամ կորոնավիրուսի շարունակվող համավարակի պայմաններում:
Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են մարդկության համար:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ախիմ Շտայները նշել է, որ հետազոտությունը պարզորոշ ցույց է տալիս ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխման դեմ պայքարի շտապ միջոցների անհրաժեշտության գիտակցումը: