Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Ադրբեջանը մարտի 14-ին Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.
ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,
ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,
պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
տրանսպորտի եւ հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում եւ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Ադրբեջանական կողմը հավելել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երեւանն ընդունի այս 5 կետը։
Խոսել էին 5 կետից առաջարկի մասին ու միայն մեկը բացահայտել
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանին հարաբերությունները կարգավորելու 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Միեւնույն ժամանակ նա չէր մանրամասնել՝ ինչ կետերի մասին է խոսքը. ասել էր միայն, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին։