«Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի»:
Հովհաննես Թումանյան
Երկու շաբաթից ավելի է, ինչ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է՝ սփռելով մահ, տառապանք, լաց, ատելություն: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել անմեղ զոհերը, ընտանիքների քանդվելը, երեխաների լացը, այդքան մարդկանց տնավեր անելը: Ուկրաինան լքել են երկու միլիոնից ավելի մարդիկ: Լացն ու տառապանքն այնտեղ ծով են տվել, եւ կանգ չի առնում այս չարագուշակ ընթացքը:
Կիրակնօրյա քարոզի ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել խաղաղության: «Պատերազմը խելագարություն է։ Կա՛նգ առեք, աղաչում եմ, նայե՛ք այս դաժանությանը: Ուկրաինայում արյան եւ արցունքի գետեր են հոսում։ Սա պարզապես ռազմական գործողություն չէ. պատերազմ է, որը տարածում է մահ, ավերածություն եւ թշվառություն»,- ասել է նա:
Իրոք, պատերազմը խելագարություն է։ Մարդուն վայել է խաղաղություն, ոչ թե պատերազմ, կարեկցանք, ոչ թե ատելություն, կառուցել, ոչ թե քանդել: Մարդը ատելություն եւ տառապանք տարածելու համար չի արարվել: Մենք կոչված ենք խաղաղության, եւ դրա համար անհրաժեշտ է նախ այն գտնել մեր ներսում: Եթե կոչ ենք անում խաղաղության, պետք է հնչեցնենք այն մեր սրտում ունենալով։ Հիշենք Ֆրանցիսկ Ասսիզեցու խոսքերը՝ «Երբ շրթունքներով խաղաղության կոչ եք հնչեցնում, ուշադի՛ր եղեք, որ ձեր սիրտը եւս լցված լինի նրանով»։
Կդորըմ մա՛րդ էղեք, մա՛րդ
Հիշո՞ւմ եք՝ «Հին օրերի երգը» ֆիլմում Նիկոլը ոնց էր ասում՝ «Կդորըմ մա՛րդ էղեք, մա՛րդ», «Դու կըռնա՞ս սեւ թուղթ ուտես, չե՜ս կըռնա»: Այսօր բոլորիցս պահանջվում է հենց այդ նույն բանը՝ «Կդորըմ մարդ լինել»։ Իսկ դա նշանակում է հասկանալ եւ կիսել դիմացինի ցավն ու վիշտը։ Հասկանալով եւ կիսելով օտարի ցավը՝ մենք մեր հեռավորությունից օգնում ենք նրանց տանելու այն եւ հնարավորինս չչարանալու։ Սա մարդկային է։ Մարդ լինելը հենց սա է։
Եվ ոչ մի դեպքում չպետք է ասել՝ «Բա իրենք ինչու չկիսեցին մեր ցավը։ Քանի որ իրենք մեզ չեն աջակցել, ուրեմն տեղն է իրենց. թող քաշեն, թող տառապեն, որ հասկանան»։
Նման տրամաբանությունը սխալ է բազմաթիվ պատճառներով։ Այդպես ասելը նույնն է, թե ասենք՝ «Դե, քանի որ իրենք մարդ չմնացին մեր պատերազմի ժամանակ, ուրեմն ես էլ մարդ չեմ մնալու հիմա»։ Մեր մարդ մնալու խնդիրը հենց մերն է եւ նախ եւ առաջ մեզ է պետք։ Իմ մարդ մնալով՝ շահում եմ առաջին հերթին հենց ես, եւ հետո միայն՝ դրսինները։ Նաեւ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ Ուկրաինայում դրամահավաքներ են կազմակերպվել Հայաստանին օգնելու համար, եւ դրանց մասնակցել են բազմաթիվ ուկրաինացիներ։ Նաեւ սխալ է պետությունը նույնացնել նրա քաղաքացիների հետ։
Այնպես որ, անկախ այն ժամանակվա իրենց վարմունքից, ճիշտը խաղաղություն փնտրելն է։ Մեզնից պահանջվում է մասնակցել խաղաղության կայացմանը, քանի որ հենց դա է մեզ բոլորիս անհրաժեշտ։ Հավատացե՛ք՝ պատերազմը ոչ մեկիս պետք չէ, պատերազմը չի կառուցում, այն քանդում է։
Կարեկցանք եւ սրտակցություն
Մենք բոլորս բազմաթիվ անտեսանելի շղթաներով կապված ենք միմյանց։ Ուկրաինացիների ցավը, գիտակցենք, թե ոչ, հասնում է մեզ։ Ճիշտ է նաեւ հակառակը՝ մեր ներքին խաղաղությունը կարող է նպաստել պատերազմի դադարելուն: Երբ ես խաղաղ եմ եւ փնտրում եմ խաղաղություն, դրանով «չէ» եմ ասում ատելության եւ պատերազմի ոգուն, իմ լուման եմ ներդնում խաղաղության կայացմանը, նպաստում եմ իմ մարդ մնալուն:
Մարդը կոչված է զգալու մերձավորի ցավն ու ուրախությունն ինչպես իրենը: Դա սրտակցությունն է, կարեկցանքն է: Դա այն է, երբ մենք ասում ենք՝ «Ցավդ տանեմ»: Դա «Սիրիր մերձավորիդ քո անձի պես» պատվիրանի կատարումն է: Դա վերեւում ասված «Կդորըմ մարդ լինելն է»: Ես համոզված եմ՝ առանց մեկս մյուսի ճանապարհ չենք կարող անցնել: Եվ դրա համար մեզնից պահանջվում է նախ ունենալ ներքին խաղաղություն:
Ինչո՞ւ է մեզ պետք ներքին խաղաղությունը
Երանի՝ ովքեր մնում են ընդմեջ խաղաղության,
Քանզի նրանք, Բարձրյալ, Քեզանից են պսակն ընդունելու։
Ֆրանցիսկ Ասսիզեցի (թարգմ.՝ Հակոբ Մովսեսի)
Խաղաղությունը մեր բնական վիճակն է, մեր խորքային էությունը։ Իրականում խաղաղություն գտնելը նշանակում է գտնել ինքներս մեզ: Ծովի երեսին կարող են լինել մեծ-մեծ, ամեն ինչ կործանող, նավեր խորտակող ալիքներ, բայց նրա խորքերում միշտ խաղաղություն է։ Այսպես էլ մեր խորքային էությունն է։ Երբ մենք խաղաղ չենք, առաջին հերթին հակադրվում ենք ինքներս մեզ։ Ոչ խաղաղ, վրդովված, զայրացած վիճակը նախ քանդում է մեզ։
Ներքին խաղաղությունը օգտակար է բոլոր պարագաներում:
Խաղաղությունը հաճախ շփոթում են պասիվության, անգործության հետ: Իրականում ճիշտ հակառակն է: Ցանկացած աշխատանք ավելի լավ եւ նպատակասլաց կընթանա, եթե ունենանք ներքին խաղաղություն: Յուրաքանչյուրս նկատած կլինենք, որ հուզված, զայրացած, խուճապահար վիճակում մեր գործն առաջ է գնում թերություններով եւ հաճախ ուղղակի չենք հասնում մեր նպատակներին:
Իսկ խաղաղությունը օգնում է խառը վիճակներում գործելու տակտով եւ լինելու հանդուրժող, նպաստում է բացասական, ոչ կառուցողական, ունայն մտքերը վանելուն: Խաղաղ վիճակում մենք առավել պարզ ենք տեսնում իրականությունը, ավելի ազատ ենք դառնում, եւ մենք առավել հեշտությամբ ենք ազատվում օտար մտքերից, հույզերից եւ ազդեցություններից:
Խաղաղ լինելը ամենակարեւոր որակներից մեկն է հոգեւոր ճանաչողության ճանապարհին։ Եթե դուք ընտրել եք հոգեւոր առաջընթացի ճանապարհը, առանց խաղաղության տեղ չենք հասնի: «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն»,- ասված է Ավետարանում (Մատթ. 5.9):
Ինչպե՞ս հասնենք ներքին խաղաղության
Ներքին խաղաղության հասնելու ճանապարհին առաջին եւ ամենակարեւոր քայլը հայացքն այդ կողմն ուղղելն է՝ խաղաղություն փնտրել գիտակցված: Ու եթե փնտրում ենք խաղաղություն, կգտնվեն բազմաթիվ քայլեր, որոնք կնպաստեն մեր ներքին խաղաղությանը:
Փնտրե՛նք խաղաղություն, եւ խաղաղությունը կգտնի մեզ: Ահա մի քանի կանոն, որոնք նպաստում են խաղաղության ընթացքին:
- Եթե ցանկանում եք աշխարհում մի բան փոխել, սկսե՛ք ձեզնից։ Փոխե՛ք ձեզ, եւ աշխարհը եւս կփոխվի:
- Սովորե՛ք տալ։ Ինչպես ասում է առաքյալը՝ «Առավել երանելի է տալը, քան վերցնելը»։
- Կարդացե՛ք, խորհրդածե՛ք, աղոթե՛ք։
- Սովորե՛ք քայլ անելուց առաջ մի պահ կանգ առնել, դադար տալ։
Պատերազմը խելագարություն է
Սուտ է, թե պատերազմներում լինում են հաղթողներ: Կարող է մի պետությունը հաղթել մյուսին, բայց ո՛չ մարդը: Պատերազմներում մարդը պարտվում է: Այն բերում է չարություն, վախ ու տառապանք, բաժանում եւ ատելություն: Պատերազմը խելագարություն է: Թվում է՝ ոչ մեկին այն պետք չէ, բայց, միեւնույնն է, անպակաս է մեզնից:
Այս ամենում էական մի բան կա, որ չենք հասկանում: Բոլորս միասին անում ենք բաներ, որոնց արդյունքից ոչ մեկը գոհ չէ: Մի՞թե այսօրվա պատերազմը պետք է որեւէ մեկին: Ես առավել քան համոզված եմ, որ մեզ բոլորիս խաղաղություն է պետք:
Փնտրե՛նք խաղաղություն: Իսկ եթե չենք կարողանում խաղաղություն ստեղծել, գոնե չավելացնենք ատելությունը: Թող չարը մեր միջոցով չշարունակվի:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։