Ըստ «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրույցի մասին ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունների տարածած առանձին հաղորդագրությունները ներկայացվում են ընթերցողի ուշադրությանը:
«Անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»
Ըստ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով:
Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ լարվածության աճին:
Ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:
«ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ»,- նշված է ՀՀ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
«Պատասխանատվության կանչել Մոսկվային եւ նրա կողմնակիցներին»
Մինչդեռ, ըստ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության, մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նշելով հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ սրման մասին վերջին հաղորդագրությունները, կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերելու եւ ակտիվացնելու դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարեւորությունը եւ Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագային աջակցելու ԱՄՆ հանձնառությունը:
«Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը այլ գործընկերների հետ միասին շարունակելու Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կանչել Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: