Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ուկրաինայից թուրք քաղաքացիների տարհանման մասին վերջին տվյալները, հայտնում է Milliyet պարբերականը։
Չավուշօղլուն նշել է, որ մարտի 15-ի դրությամբ Ուկրաինայից տարհանվել է Թուրքիայի մոտ 15 հազար քաղաքացի, և Ուկրաինայի տարածքում դեռեւս 300-350 հազար թուրք քաղաքացիներ կան․ «Մեր քաղաքացիների տարհանման հարցը բարձրացրել ենք նաեւ մարտի 10-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ու խնդրել ենք կողմերի աջակցությունը»։
«Այսօր նույնպես մեր քաղաքացիներին մի շարք քաղաքներից դուրս ենք բերելու։ Ծրագրվում է Կիեւից նույնպես տարհանել թուրք քաղաքացիներին։ Այսօր Լվովից շարժվելու է երկու ավտոբուս, դրանցից մեկը տեղափոխելու է Ղրիմի թաթար թուրքերին։ Մեկ այլ ավտոբուս կշարժվի Օդեսայից»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ներկայացրած տվյալներով՝ Մարիուպոլում կան Թուրքիայի ավելի քան 100 քաղաքացիներ, որոնց տարհանումը կազմակերպելու համար նա հեռախոսազանգ է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ «Մարիուպոլից տարհանման համար անհրաժեշտ պայմաններն աստիճանաբար կարգավորվում են։ Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ կապի ու կոորդինացիայի արդյունքում Մարիուպոլի ճանապարհներին տեղակայված ականները չեզոքացվել են։ Աշխատանքներ են տարվում հումանիտար միջանցքի բացման ու դեպի քաղաք գնացող բեռնատար մեքենաների մուտքն ապահովելու ուղղությամբ։ Անհրաժեշտ անվտանգության միջոցները ձեռնարկելուց հետո հնարավորինս կարճ ժամկետում մեր քաղաքացիները Մարիուպոլից կտարհանվեն»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը