Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ, 2020-ը անվանել է համաշխարհային annus horribilis (լատ.՝ սոսկալի տարի). մահվան, աղետների ու հուսահատության տարի:
Կորոնավիրուսի համավարակի զոհ դարձավ 2 միլիոն մարդ, 500 միլիոն մարդ դարձավ գործազուրկ, տարերային աղետները մարդկության վրա 210 միլիարդ դոլար նստեցին:
Գուտերեշի խոսքերով՝ տնտեսական կորուստները շարունակում են աճել, ծայրահեղ աղքատությունը չտեսնված ծավալների է հասել նախկինի պես, անհավասարությունը խորանում է, սովը՝ սաստկանում:
Տեղահանվածների թիվն ռեկորդային մակարդակի է հասել: Միջուկային եւ քիմիական զենքի տարածման վտանգն աճում է: Կլիմայական ճգնաժամ է մոլեգնում:
«Հարկավոր է մահվանից անցնել ապաքինման, աղետից՝ վերակառուցման, հուսահատությունից հույսի: 2021-ը պիտի դառնա աշխարհի ու խաղաղության վերականգնման տարի»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: