Այս հոդվածը գրել եւ հրապարակել եմ տասնչորս տարի առաջ, երբ միջազգային օրակարգում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Ցյուրիխյան գործընթացն էր։ Ինչպես հիմա, այն ժամանակ եւս կային պատրիոտներ, որոնք այս կամ այն մտահոգությամբ անթույլատրելի էին համարում հարեւան երկրների միջեւ երկխոսությունը։
Հայտնի մի քաղաքագետ, անունը չեմ տալիս, որովհետեւ մտածողության այդ տեսակն ունեցողների մեջ եզակի չէ, միտք էր հայտնել, թե թուրքական սահմանի բացումը վտանգավոր է։ Ըստ հայտնի այդ քաղաքագետի` սահմանի բացումից հետո թուրքերը մեզ կուտեն տնտեսապես, մշակութապես եւ կրոնով։
Դժվար է պատկերացնել, որ քսանմեկերորդ դարի սկզբին որեւէ ազգ կարող է կրոնափոխ անել այլ ազգի։ Ինչ վերաբերում է ուրիշ կրոն ունեցող զանգվածի ներթափանցմանը, պետք է խորհուրդ տամ քաղաքագետին եւ նրա համախոհներին երեկոյան ժամերին շրջել Երեւանի կենտրոնական ու կենտրոնամերձ փողոցներով` նկատելու համար գլխաշորով կանանց, պարսկերեն կամ թուրքերեն խոսող տղամարդկանց ու երեխաների բազմությունը, որ հայտնվել եւ շարունակելու է հայտնվել հայ-թուրքական փակ սահմանի պայմաններում։
Նրանց այստեղ լինելն անձամբ ինձ չի մտահոգում, որովհետեւ հայկական ինքնաբավության, ինքնամեծարման, ինքնագոհության ապառաժը կարող է փոքր-ինչ փափկել միայն այլ էթնոսների, այլ կրոնների ներկայության շնորհիվ։ Սա առանձին եւ ավելի մանրամասն խոսակցության նյութ է, որին անդրադառնալու առիթ, կարծում եմ, դեռ կլինի։ Ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ հարաճուն արտագաղթի պայմաններում նրանք կարող են գրավել բնակության այն տարածքները, որոնք լքվում ու մնում են անտեր։
Ինչ վերաբերում է մշակութային էքսպանսիային, պետք է ասեմ, որ թուրքականը մեր մշակույթի վրա ազդել եւ ազդում է անկախ քաղաքական խնդիրների կարգավորումից։ Մշակույթների փոխադարձ ներթափանցումը, որը կարող է տեղի ունենալ սահմանի բացումից հետո, նույնիսկ օգտակար կլինի՝ հարեւան երկու երկրների միջեւ առողջ մրցակցություն ստեղծելու իմաստով։
Ամենամեծ մտահոգությունը տնտեսական ներխուժումն է։ Բայց որպեսզի այդ ներխուժման հարուցելիք տագնապն առանձին ու մեծ չերեւա, դրան սովորաբար կցվում են այլ ասպեկտներ՝ այս դեպքում մշակութային եւ կրոնական։
Իսկ ինչո՞ւ առանձին դիտարկելիս այդքան ահարկու պետք է թվա տնտեսական ներխուժման հեռանկարը։ Մի պարզ պատճառով, որ Հայաստանը մեծ հաշվով չունի տնտեսություն, որ մեր երկրի ղեկավարները, երեք շենք, երկու ճանապարհ կառուցելով, ձեն են գցում աշխարհով մեկ, թե տեսեք-տեսեք, տնտեսության աճ ունենք, կամ հինունոր սփյուռքներում աշխատող հայաստանցիների հաշվին հայկական դրամը պնդացնելով՝ խոսում են տնտեսության կայունացման մասին։
Եթե մենք բանակցում ենք հարեւան երկրի հետ սահմանը բացելու շուրջ, լավ կլինի հաշվենք դրանից ստանալիք օգուտները, որովհետեւ թուրքերն այդ քայլին գնալիս (ինչը դժվար թե լինի մոտ ապագայում) հաշվարկելու են իրենց ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական շահերը։
Այս իրավիճակում վտանգը կանխելու մեր ամենակարճ ճանապարհը սահմանը փակ պահելն է։ Բայց պատկերացրեք մի պահ, որ Թուրքիան համաձայն է եւ ասում է՝ բացենք։ Մենք, ի՞նչ է, պիտի ասենք` գիտեք, մեր տնտեսությունը թույլ է, մրցունակ չէ, ու մենք չենք դիմանա հարեւանի տնտեսական ներխուժմա՞նը։ Ծիծաղելի է, չէ՞։
Թուրքական, նաեւ ադրբեջանական վտանգն իրականում չի առնչվում սահմանը բացել կամ չբացելուն։ Այն ուղղակիորեն կապ ունի երկրի ապագայի մասին մեր իշխանությունների ունեցած պատկերացումների հետ։ Եվ երբ Թուրքիայի նախագահի ընկերակցությամբ ֆուտբոլ դիտելուց հետո Սերժ Սարգսյանը դղրդացնում է «Իրան-Հայաստան» երկաթուղի կառուցելու ծրագիրը, միտքս է գալիս երկու բան՝ մանկությունս, երբ հազվագյուտ նվեր էր խաղալիք գնացքների գերմանական կոմպլեկտը, մեկ էլ մի երկու տարի առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տված հարցազրույցը, որում նա պնդում էր, թե Հայաստանը դեռ հարյուր տարի կարող է դիմանալ շրջափակմանը։
Փակ մնալու օգտակարության մեր համոզմունքը դանդաղ գործողության ռումբ է, որի զույգ պատրույգներից մեկը Անկարայում է, մյուսը՝ Բաքվում։ Ղարաբաղը չի կարող փախչել այնտեղից, որտեղ է։ Ցեղասպանության ճանաչումների շարքն էլ երկարացնելով` աշխարհը շուռ չի գա։ Անկարան ու Բաքուն կարող են սպասել այնքան, որքան կպահանջվի։ Հայաստանի ժամացույցն է պետք նորոգել։
08.10.2008
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։