Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Թուրքիայի իշխանությունները «3+ 3» ձեւաչափով նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում:
Դրա մասին Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ անցկացրած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Հարավային Կովկասում կարգավորման հասնելու «սովորական ցանկությունը» բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով հասնել կրակի մշտական դադարեցմանը:
Ըստ իրանական «Mehr» գործակալության՝ Անկարա կատարած իր այցի ժամանակ Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չնշելով հստակ ժամկետ, հայտնել է, որ Թեհրանում տեղի է ունենալու Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝ տարածաշրջանային համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը ողջունել էր Ադրբեջանի նախաձեռնած «Կովկասի համագործակցության վեցակողմ ձեւաչափը»՝ հայտնելով, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել խաղաղությանն ու կայունությանը նպաստող բոլոր ձեռնարկներին: