Թուրքական Anadolu գործակալությունը (AA) մարտի 15-ին հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը AA թղթակցի հետ։
Արարատ Միրզոյանը նախ հիշեցրել է, որ նախորդ ամիսների ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջեւ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։
«Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում եւ Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»:
Խոսելով իր՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության մասին՝ Միրզոյանն ասել է․ «Ես Անթալիա այցելեցի եւ մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ եւս մեկ անգամ հաստատելու Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքական կամքը Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու եւ տարածաշրջանում խաղաղ եւ կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ»։
Արարատ Միրզոյանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացն ընդհանուր առմամբ դրական է գնահատել․ «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսելու, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»։
Միրզոյանը նշել է, որ մարդիկ արդեն իսկ օգտվում են Երեւան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Իսկ սահմանների բացման վերաբերյալ ասել է, որ դա իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջեւ հաղորդակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջեւ շփումների ու, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ վերջին 10 տարուց ավելի ժամանակահատվածում սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Թուրքիա, եւ հավելել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա, եւ կողմերը հասնեն դրական արդյունքների, փոխայցելություններ նույնպես կարող են լինել։
Անդրադառնալով կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ հասարակության մոտեցմանը՝ Միրզոյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ․ «Դա արտացոլված է նաեւ հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, ե՛ւ հայկական, ե՛ւ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, եւ ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը