Մշակութային եւ գաղափարական իմաստներով արեւմտամետ, ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուս եզրույթներն անբովանդակ եւ անհեթեթ են։ Իմ համոզմամբ պարկեշտ եւ հասուն մարդը չի կարող դիրքավորվել սրանցից որեւէ մեկի տիրույթում։
Ըստ էության՝ գործ ունենք Սառը պատերազմից ժառանգություն մնացած եւ 21-րդ դարում վերաձեւակերպված քարոզչական ստրուկտուրաների հետ, որոնք պատերազմում են միմյանց դեմ՝ սպասարկելով գերտերությունների շահերը։
Ռուսամետները ներկայացնում են Կրեմլի, Գազպրոմի եւ ռուսական հատուկ ծառայությունների հետաքրքրությունները, արեւմտամետներն էլ իրենց ՀԿ-ներով, կրոնական կազմակերպություններով, հիմնադրամներով զինվորագրված են փափուկ ուժի աստիճանական էքսպանսիայի գործին։
Օրինակ՝ պարկեշտ եւ մտածող քաղաքացին, որը պրոպագանդիստ չէ, երբեք չի արդարացնի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Առնվազն կապրումակցի, ցավ եւ ափսոսանք կզգա՝ վերապրելով իր ողբերգությունը։ Բայց այս ամենին զուգընթաց մտածող քաղաքացին նաեւ կհասկանա, որ այսօր Ռուսաստանն է Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորը եւ, առնվազն իր պետության եւ ազգի շահերից ելնելով, զսպվածություն կդրսեւորի։
Կարծում եմ, ինտելեկտուալ մեծ կարողություններ պետք չեն այս բարոյական եւ քաղաքական պարզունակ ճշմարտությունները հասկանալու համար։ Բայց պրոպագանդիստների եւ մոլեռանդների համար ճշմարտություններ գոյություն չունեն։ Ռուսամետները սպասում են, թե երբ պետք է Հայաստանը տարրալուծվի կայսրության անսահմանության մեջ, որ «Бо́же, Царя́ храни́» աղոթքը շշնջալով եւ «Путин сказал армянам давать проход» երգը կլկլացնելով՝ Պսկովում եւ Սարատովում հանգիստ առեւտուր անեն։ Արեւմտամետներն էլ թքած ունեն Արցախի հայաթափման կամ էլ Սյունիքի հնարավոր անեքսիայի վրա, կարեւորը Հայաստանը ժողովրդավարական լինի եւ «քաղաքակիրթ» աշխարհի հետ՝ համերաշխ։ Այսինքն՝ ե՛ւ ռուսամետները, ե՛ւ արեւմտամետները իրենց քաղաքական որոնումներում բացառում են Հայաստանի գոյությունը, միգուցե նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց գործողությունների վերջնարդյունքը հենց դա է։
Տարիներ առաջ մտածելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ ինքս ինձ համար այսպիսի մի բանաձեւ էի գտել․ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ բարեկամը նրա թշնամիների»։ Կարծում եմ, նույնիսկ հիմա պետության ռազմաքաղաքական ջախջախումից հետո այս մոտեցումը կարող է կիրառելի լինել եւ գործնական տեսք ստանալ։
Այսինքն՝ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը, բայց միեւնույն ժամանակ սերտ համագործակցություն ունենա ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, բնականաբար մինչեւ այն կետը, որը չի շրջանցի Մոսկվայի սահմանած կարմիր գիծը։ Այս մոտեցումը կարող է կիրառվել, նույնիսկ եթե Հայաստանը մաս կազմի «Союзное государство»-ի, քանի որ, ինչպես ես եմ հասկանում, այդ միությունը Եվրամիության մի փոքր ավելի «բարբարոսական» տարրակերպն է լինելու արեւելքում։ Պետությունները պահպանում են անկախությունը, բայց, միանալով վերպետական կառույցին, կորցնում են ինքնիշխանության որոշակի բաղադրիչներ, ԵՄ-ի անդամ երկրների օրինակով (ինչպես նախորդ հոդվածում նշեցինք, սա չպետք է շփոթել ԽՍՀՄ-ի հետ)։
Ի դեպ «Бо́же, Царя́ храни́» աղոթքով Հայաստան ներմուծված հայազգի օլիգարխը սա էլ ձեւախեղեց՝ Հայաստանին նույնականացնելով Դաշնության սուբյեկտներից մեկի՝ Թաթարստանի հետ։ Միգուցե նրա ուզածը հենց դա է, բայց Հայաստանը, ինչ միության անդամ էլ լինի, միեւնույնն է, պետք է պահպանի իր ինստիտուցիոնալ կառուցվածքը, պետական համակարգը, դրոշը, հիմնը եւ մնացյալ բոլոր խորհրդանիշները։ Եթե սա է հայոց պետականությունը, Սյունիքը եւ Արցախը պահպանելու գինը, ապա ես՝ որպես քաղաքացի, պատրաստ եմ գնալու այդ զիջմանը։
Այս հարցում ես չեմ քննադատի կառավարությանը, ինչպես որ չեմ քննադատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում։ Մոտեցումն այս ամենեւին էլ չպետք է շփոթել անձնատուր լինելու հուսահատ քայլի հետ։ Ընդամենը փաստի արձանագրում է, փաստ, որը սաղմնավորվել է տարիների հետեւողական սխալների եւ արկածախնդրությունների հետեւանքով։ Պետության ղեկին հայտնված միջակությունները, ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի ասպետները, դրամաշնորհներ յուրացնող արեւմտամետներն ու խորհրդային անհոգ տարիները կարոտող ռուսամետները Հայաստանին բերել հասցրել են այս ծանր ճամփաբաժանի առջեւ, երբ մեր կյանքը պարզապես կախված է բոլորովին այլ տարածաշրջանում մղվող պատերազմից։
Ու զավեշտալին այն է, որ այդ հակամարտության երկու հնարավոր ելքերն էլ մեզ ոչինչ չեն տալու։ Պարզապես սպասում ենք վճարվող գնի չափին՝ միությո՞ւն, թե՞ թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիա եւ Հայաստանի մասնատում։ Ցավոք, այս բարդ երկընտրանքը ըստ պատշաճի չի ընկալվում, եւ շատերին թվում է, թե մենք դեռեւս խաղալու տարածություն ունենք։ Ավելին՝ մարդիկ կարծում են, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է հակակշիռ դառնալ Ռուսաստանի կայսերականությանը։
Տիրապետող է այն մտայնությունը, թե արեւմտյան կողմում հայ-թուրքական սահմանն է։ Ո՛չ, այդ սահմանագիծը երբեք էլ հայ-թուրքական չի եղել։ Դա ընդամենը ռուս-թուրքական շփման գիծն է, որը 1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում էր հայ-թուրքական սահման դարձնել։ Չստացվեց, քանի որ գավառական ռազմահայրենասերները միջպետական սահմանը փոխարինեցին սփյուռքի հարյուրհազարանոց բանակով, համաշխարհային ազգի տնտեսական ռեսուրսները ճիշտ օգտագործելով եւ այսպես շարունակ։
Իսկ հիմա մենք չգիտենք էլ, թե աղետալի պատերազմի հետեւանքներով պարտադրված հայ-թուրքական սիրախաղը մինչեւ ո՞ւր կարող է հասնել։ Միգուցե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց եւ միջանցք տրամադրելուց հետո այն հօ՞դս ցնդի։
Ախր ոչ ոք չհասկացավ, որ հազիվ 30 տարվա կյանք ունեցող Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր էր ու փխրուն 3000 տարվա բարդույթներն ու կարծրատիպերը, միֆերն ու հեքիաթները իր ուսերին քարշ տալու համար։ Բոլոր խմբերը փորձեցին իրենց եսասիրական քմահաճույքները փաթաթել նրա հյուծված եւ թույլ մարմնի վրա։ Մեկը պահանջում էր արնաքամ լինելու գնով Ջաբրայիլը սրբավայր դարձնել, մյուսն ասում էր՝ գնա ու ամբողջ աշխարհին, այդ թվում Թուրքիային Ցեղասպանության ճանաչում պարտադրի։ Առաջինը զարմանում էր, թե ինչու այս հաշմանդամը Իսրայել չի դառնում, երկրորդը փոքր ժամանակ Վիլսոնյան Հայաստանի քարտեզը տեսնելուց հետո իր մանկական հոգեբանական տրավմաները վերագրում էր նրան։ Երրորդը դժգոհում էր, թե ինչու Մերձավոր Արեւելքի ականների վրա թափառող երկիրը Բելգիա չէ։ Չորրորդն առաջարկում էր Պուտինի առջեւ վերջնագիր դնել կամ էլ նրա հետ խոսել հավասարը հավասարի հետ, ինչպես Տիգրան Մեծը կբանակցեր Հռոմի հետ։
Մի խոսքով՝ բոլոր խմբերը դժգոհ են Հայաստանից, բայց ոչ ոք ինքն իրեն չի հարցնում․ փոքր եւ սահմանափակ հնարավորություններով պետությունը էս ամբողջ բեռը շալակած ո՞նց առաջ շարժվի։ Ինձ թվում է՝ Հայաստանը ծնկի է եկել մարդկային եսասիրական հիմարության պատճառով, ուղղակի չի դիմացել ծանրությանը։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։