Արցախում մեկ շաբաթ է` 100 հազար բնակիչ զրկված է գազամատակարարումից։
Եղանակը վերջին օրերին ցրտել է, եւ Արցախում արդեն խնդիրներ կան մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ հացի արտադրության։ Բնակչության համար կենսական նշանակություն ունի գազամատակարարման վերականգնումը։ Բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնման պատճառով նաեւ լարման հաճախակի տատանումներ են լինում։
Քանի դեռ հումանիտար ճգնաժամը որեւէ կերպ չի հանգուցալուծվում, Ֆեյսբուք սոցիալական հարթակում անհատներ, հասարակական կազմակերպություններ սեփական նախաձեռնությամբ որոշել են արցախցիներին գազօջախներ, տաքացուցիչներ եւ անհրաժեշտ սարքավորումներ ուղարկել։
Ստելլա Ավագյանը, Արեւիկ Մկրտչյանն ու Սայիդա Պողոսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում սոցիալական աջակցություն էին ցուցաբերում տեղահանված արցախցիներին, օրեր առաջ նույն կազմով դրամահավաք են սկսել։
Հավաքված գումարով ավելի քան 90 ընտանիքի համար գազօջախ են գնել։ Առաջին խմբաքանակն ուղարկել են մարտի 14-ին։ Լիցքավորվող գազօջախներից բացի՝ պարբերաբար հոսանքից զրկվող արցախցի ընտանիքներին ինքնալիցքավորվող լեդ լամպեր են ուղարկել։ Լեդ լամպերը հոսանքի անջատման դեպքում երեք ժամ կարող են ինքնուրույն աշխատել։
«Առաջին օրերին խանութներում սպառվել են տաքացուցիչները, գազի բալոնները, ջրատաքացուցիչները»,- ասում է Ստելլա Ավագյանը, որն անընդհատ կապի մեջ է արցախցիների հետ։
Ըստ Ստելլա Ավագյանի՝ վիճակն ավելի բարդ է Ստեփանակերտի բնակիչների համար. «Գյուղերում ցախի վառարաններ են օգտագործում, օրվա ճաշի եւ տարրական այլ հարցեր կարողանում են լուծել»։
Նախաձեռնության հեղինակները հիմնականում ձեռք են բերում 8000 դրամ արժողությամբ 5 լիտրանոց լիցքավորվող գազի բալոններ, որոնք արագ չեն սպառվում ու հարմարավետ են։ Գազի բալոնները հավաքում են Այգեձորի 70 հասցեում։
Նախաձեռնությանը միանալու համար կարող եք գումար փոխանցել Ստելլա Ավագյանի հաշվեհամարին.
Բանկային հաշվեհամար՝ 11815016350900 ID bank,
Քարտային հաշվեհամար՝ 4318290091430013 Ստելլա Ավագյան:
Գումար կարող եք փոխանցել նաեւ Արեւիկ Մկրտչյանի հաշվեհամարին.
Քարտային հաշվեհամար` 2050953489477001 Inecobank,
Քարտային հաշվեհամար` 5406610000820956:
Լրագրող Նարեկ Ալեքսանյանը, որն իր ընկերների հետ լծված է այս գործին, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ գազի բալոնները նախապես լիցքավորված պետք է լինեն։
«Քանի դեռ կա խնդիրն, ու պաշտոնական հայտարարություններ չեն հնչել այն մասին, որ պետք չէ զբաղվել ինքնագործունեությամբ, ընկերներով որոշել ենք հնարավոր ամեն բան անել»,- ասում է Նարեկ Ալեքսանյանը։
Նարեկն ընկերների հետ միայն գազի բալոններ է հավաքում, իսկ նրանց, ովքեր ցանկանում են գումարով աջակցել, ուղղորդում են այլ կազմակերպությունների, անհատների։
Կասկադ, Սարմեն 19/2, հինգ լիտրանոց գազի բալոնների հավաքման կետերից մեկն էլ Նարեկ Ալեքսանյանի տան հասցեն է։ «Նախաձեռնությունը սկսել է «Ակն ընդ ական» վավերագրողների ֆեյսբուքյան հարթակը, ես միացել եմ նրանց»,- ասում է լրագրողն ու հավելում, որ քաղաքացիներից շատերն են արձագանքել։ Գազի բալոններն Արցախ հասցնելու գործը ստանձնել է տեղական տաքսի ծառայություններից մեկը։
Ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ՀՀ Կառավարության եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ ընթացող բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։