Ուկրաինայում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Սյանժունը Լվովի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը երբեք չի հարձակվի Ուկրաինայի վրա, ընդհակառակը՝ կօգնի, մասնավորապես տնտեսության բնագավառում: Դեսպանը նշել է, որ իր երկիրը տարվա կտրվածքով ավելի քան երեք տրիլիոն դոլարի արտադրանք է ներմուծում եւ պատրաստ է աջակցելու Կիեւին:
Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում Պեկինը պատասխանատվությամբ է մոտենալու Ուկրաինային: «Մենք տեսանք՝ որքան մեծ է ուկրաինացի ժողովրդի միասնությունը, հետեւաբար նաեւ՝ ուժը»,- նշել է դեսպանը:
Սյանժունը ընդգծել է, որ Չինաստանը տնտեսական եւ քաղաքական առումներով Ուկրաինայի համար նպաստավոր ուժ կլինի եւ կհարգի այն ուղին, որն ընտրել են ուկրաինացիները, քանի որ դա յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխան իրավունքն է:
Ավելի վաղ ամերիկյան Financial Times պարբերականը հայտնել էր, որ Սպիտակ տունը կիրակի անհանգստացնող տեղեկություն է ստացել այն մասին, թե Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից։ Մասնավորապես, ըստ պարբերականի, խոսքը հատկապես ռազմական սարքավորումների մասին է։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը փորձել է Պեկինին հասկացնել, որ Չինաստանը կբախվի «հետեւանքների», եթե փորձի օգնել Մոսկվային՝ փոխհատուցելու արեւմտյան պատժամիջոցներից կրած կորուստները:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լի Ցզյանը հերքել էր լուրերը, ըստ որոնց՝ Ուկրաինայում հատուկ գործողության իրականացման համար Մոսկվան Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել։