Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով G20-ից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին լուրերին, հայտարարել է, թե հիպոթետիկ հայտարարությունները մեկնաբանելը նպատակահարմար չէ, դրանք ապարդյուն ճիգեր են եւ միանգամայն անիմաստ:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն հայտարարել է, որ Լեհաստանը, ամենայն հավանականությամբ, G20-ում կփոխարինի Ռուսաստանին:
«Եթե նրանց կամքով լիներ, Երկիր մոլորակի վրա միայն իրենք կմնային»,- եզրափակել է Զախարովան՝ ակնարկելով Արեւմուտքի երկրներին:
Տեղեկանք
G20․ 1990-ականներին ի պատասխան ֆինանսական ճգնաժամերին ստեղծված Քսանի խումբը 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն եւ ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձեւաչափ է։
G20-ի անդամներն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Ճապոնիան, Ավստրալիան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Թուրքիան, Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Եվրամիությունը։
G20-ի երկրներն, ընդհանուր առմամբ, ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 90%-ը, համաշխարհային առեւտրի 80%-ը եւ երկրագնդի բնակչության երկու երրորդը։