Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մարտի 17-ին մասնակցել է ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին, հայտնում է Sözcü օրաթերթը։
Հանդիպման ընթացքում Աքարը խոսել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման մասին՝ նշելով, որ հումանիտար իրավիճակն Ուկրաինայում գնալով ավելի է վատանում․ «Պետք է կանխել հումանիտար ճգնաժամը։ Իսկ դրա համար պարտադիր նախապայման է զինադադարի կնքումը»։
«Մարիուպոլ քաղաքում Թուրքիայի քաղաքացիները պատսպարվել են մզկիթում։ Նրանց տարհանման նպատակով մշտական կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Ինչ վերաբերում է այս պահին Ուկրաինայում գտնվող Թուրքիայի զինված ուժերին պատկանող տրանսպորտային ինքնաթիռներին, ապա դրանց դուրսբերման համար բանակցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ։ Երկու պետություններն էլ հետաքրքրված են այս հարցում։ Առաջիկա օրերին ակնկալում ենք դրական արդյունքներ»,- ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։
Հուլուսի Աքարը հավելել է, որ Թուրքիայի՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը եղել են հավասարակշռված են եղել ու շարունակվելու են նույն ձեւով․ «Իսկ Մոնտրոյի կոնվենցիան բոլոր կողմերին է ձեռնտու։ Նրա պահանջների ոտնահարումը ոչ ոքի որևէ օգուտ չի տա»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը