Հասմիկ, Մանուշակ, Լիանա, Աննա, Նարինե, Իսրայել, Սամսոն, Մելինե, Էլինա, Անահիտ, Իրինա, Ստելլա, Էդմոն եւ Սուսաննա։
Գյումրեցի Արտյոմ եւ Լուսինե Գեւորգյաններն իրենց աշխարհի ամենահարուստն են համարում։ Շուրջ 30 տարվա համատեղ կյանքում հասցրել են 11 աղջիկ եւ 3 տղա ունենալ։ Ընտանիքի առաջնեկը 27 տարեկան է, կրտսերը՝ 2։ Բարդ ու դժվար ճանապարհ է անցել ընտանիքը մինչեւ «Օդանավակայան» թաղամասում գտնվող երեքսենյականոց, կոկիկ ու հարդարված բնակարանում ապրելը։
Քսան տարի շարունակ բազմազավակ ընտանիքն ապրել է 12-մետրանոց մետաղյա տնակում։ 2010-ից, երբ դանակը հասել է ոսկորին, տնակում ապրելն էլ դարձել անհնարին, տեղափոխվել են վարձով բնակարան։ 2015-ին է միայն ընտանիքը վերջապես տանիք ունեցել։ Արտասահմանյան ընկերության նվիրած փոքրիկ բնակարանը, որտեղ այն ժամանակ 12-հոգանոց ընտանիքի կեսն անգամ չէր կարող ապրել, վաճառել են։ Ստացված գումարի վրա Կաթողիկե եկեղեցու Իտալական «Կամիլյան եղբայրներ» միությունն է որոշակի գումար ավելացրել ու քաղաքի ծայրամասում՝ «Օդանավակայան» թաղամասում, երեքսենյականոց են գնել։ Պետության տրամադրած բնակարանի գնման վկայագրով հաջորդ տարի նույն շենքում եւս մեկ բնակարան են ձեռք բերել։ Բնակարանը կահավորել է «Գրանդ քենդի» ընկերությունը, անհատներ ու մասնավոր ընկերություններ եւս որոշակի աջակցություն են ցուցաբերել։
Այժմ ընտանիքի եկամուտը պետության հատկացրած 63000 դրամ նպաստն է եւ տան հոր՝ Արտյոմի 90000 դրամ աշխատավարձը։ Աշխատանքի տարիքի հասած աղջիկներին արդեն ամուսնացրել են, մեծ տղան էլ ծառայում է ՀՀ զինված ուժերում։
Ընտանիքն իր երախտագիտությունն է հայտնում աջակցության համար, բայց խնդրում է պարզ հաշվարկ կատարել, թե այս համատարած թանկության պայմաններում միայն առաջին անհրաժեշտության մթերքը գնելու համար ինչքան գումար է պետք։ Պետական նպաստով անգամ կոմունալ վճարներն անել հնարավոր չէ։ «Չենք դժգոհում, ումի՞ց դժգոհենք, ապրում ենք այնպես, ինչպես կարողանում ենք,- ասում են Գեւորգյանները,- բայց պետության կողմից բազմազավակություն խրախուսելը մենք չենք զգում, ընդհակառակը, միշտ մեղադրում են, անարգանքի սյունին գամում։ Մենք աշխատում ենք, ապրում, բայց մի կողմից էլ արդարանում ու պաշտպանվում»։
Ծնողները բոլոր երեխաներին դպրոցն ավարտելուն պես առանց մասնագիտության չեն թողել․ դեղագործ, դերձակ, դիզայներ, ծրագրավորող, նկարիչ։ Ասում են՝ ինչքան աշխատում են, առանց պարտքերի գլուխ չեն հանում։ Որքան էլ հաշվարկված են ծախսում, միեւնույնն է, ամսվա կեսից ծախսն անցնում է եկամտից։ Այդ պատճառով վարկերն աճել են, 4000 ամերիկյան դոլարի շեմը հատել։
Ընտանիքն այժմ ամեն առավոտ դպրոց եւ բուհ է ճանապարհում 7 երեխայի։ Թաղամասում չկան դպրոց, մանկապարտեզ։ Օրական 2000 դրամ միայն տրանսպորտին են վճարում։ Ընտանիքի մայրը՝ տիկին Լուսինեն, ասում է, որ դիմել է պետական կառույցների, խնդրել, որ գոնե տրանսպորտի հարցը լուծեն․ «Նվաստացնում են, դռնից դուռ ուղարկում։ Գիտե՞ք քանի դուռ եմ թակել, բայց ապարդյուն։ Մարզպետարանից ասացին՝ կրթության նախարարությա՛նը դիմիր։ Դիմեցինք, մերժվեցինք։ Ուսման վարձի համար՝ մերժում, ճանապարհածախսի համար՝ մերժում, մերժման թղթերի թիվ-հաշիվը կորցրել ենք։ Մի հատ էլ ասացին՝ ձեզ ով է ասել էսքան երեխա ունենաք, որ հիմա էլ աջակցություն եք ուզում»,- վիրավորված պատմում է բազմազավակ մայրը։
Ի դեպ, Լուսինեն դժվարությամբ համաձայնեց խնդիրները բարձրաձայնել, քանի որ վախենում է՝ հասարակության մի ստվար զանգված կսկսի համացանցով մեղադրել ու լուտանք թափել ընտանիքի հասցեին։
Պետության եւ հասարակության հայացքը բազմազավակ ընտանիքների խնդիրներին ուղղելու համար «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը միտք է ունեցել տոնացույցում բազմազավակ ընտանիքի օր ունենալու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Նա պատկերացնում էր, որ այդ օրն ամբողջ հանրապետությունը պետք է տոներ, շնորհավորեր բազմազավակներին, ինչպես նաեւ աջակցեր ու ձեռք մեկներ նրանց։
Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, նախաձեռնությունն էլ կիսատ մնաց։
Տոնե՞լ բազմազավակի օրը, թե՞ ոչ։ Գուցե տոնել այն դեպքում միայն, երբ տոնի հաջորդ օրը տոնակատարությունից հոգնած բազմազավակ ծնողը չի մտածի հանապազօրյա հաց հայթայթելու մասին․․․ Չէ՞ որ պետությունը կանգնած է բազմազավակի կողքին։
Մինչ ազգովի կտոնենք բազմազավակի օրը, մի անգամ էլ հիշենք Բեժանյանների ընտանիքը․ օրերս 13 անչափահաս երեխաների հետ բաց երկնքի տակ հայտնված ընտանիքի խնդրին պետությունն ընդհանրապես չնայեց, հասարակության մի զանգվածն էլ անխնա դատապարտեց շատ երեխաներ ունենալու համար։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։