Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Պորտուգալիայի խորհրդարանը հավանություն է տվել էֆթանազիան օրինականացնելու մասին օրինագծին: Դրա մասին հայտնել է պետական «Radio e Televisao de Portugal» մեդիախումբը:
Անտանելի ցավերից ու տառապանքից ազատելու համար հիվանդի կամ նրա հարազատների համաձայնությամբ տառապյալին կյանքից զրկելու մասին նախագծի օգտին քվեարկել է 136, դեմ՝ 78 պատգամավոր, չորսը մնացել է ձեռնպահ:
Ըստ ընդունված օրենքի՝ էֆթանազիայի ենթարկվելու համար կարող է դիմել անբուժելի հիվանդության վերջին փուլում գտնվող կամ անդիմադրելի ցավերից տառապող Պորտուգալիայի ցանկացած չափահաս քաղաքացի:
Օրենքի նախագիծը դեռ պիտի հաստատի երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան: Սակայն նա կարող է վետո դնել նախագծի վրա կամ այն ուղարկել Սահմանադրական դատարան:
Եթե նախագահը հաստատի օրենքը, Պորտուգալիան կդառնա Եվրոպայի՝ էֆթանազիան օրինականացրած չորրորդ եւ աշխարհում՝ յոթերորդ երկիրը: