Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության նախկին պետ Վիկտոր Գվոզդը «Ապոստրոֆ» ալիքին տված հարցազրույցում ասել է, որ 2014-ի գարնանը ռուսները՝ ցանկության դեպքում, հարձակողական գործողության միջոցով կարող էին գրավել Կիեւը:
Ուկրաինայի զինուժն այդ ժամանակ մարտունակ զորամասեր չուներ, իսկ զինվորական ղեկավարությունը մտածում էր՝ ինչպես գրոհից պաշտպանել մայրաքաղաք Կիեւի օդը: Խորհրդարանը պաշտպանելու համար դյուրակիր զենիթահրթիռային համակարգ էին տեղադրել:
«Հիմա հեշտ է այն ժամանակվա իշխանությանը քննադատելը, այնինչ պիտի հաշվի առնել անբարենսպաստ պայմանները: Հիշում եմ՝ այն օրերին Գոստոմելի («Անտոնով» միջազգային օդանավակայանի տարածքը, որտեղ բեռնատար օդանավեր են իջնում-խմբ.) թռիչքուղին փակելու համար մեքենա-մեքնայի հետեւից էին ուղարկում, քանի որ վախենում էին, որ ռուսական հատուկ ջոկատայինները վայրէջք կկատարեն»,-մանրամասնել է ուկրաինացի նախկին պաշտոնյան:
Գվոզդի ասելով՝ եթե երկրում, ասենք՝ Ղրիմում, այդ ժամանակ արյունահեղություն սկսվեր, ռուս զինվորականները միանշանակ ռազմական գործողություններ կծավալեին:
«Այն օրերին, ինչպես գիտեք, ամբողջ սահմանի երկայնքով տեղայավել էր հարյուր հազարանոց ռազմական խմբավորում. սպասում էին հրամանի, որ երկիր մտնեն»,- ասել է արտաքին հետախուզության նախկին պետը:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Իլյինը պատմել է, որ 2014-ին Եվրամայդանի կողմնակիցները մտադիր էին ճնշել Ղրիմի խռովությունները եւ չէին քննարկում իրավիճակի խաղաղ կարգավորման տարբերակը:
Այսպես, Վիտալի Կլիչկոն խոստացել էր Ղրիմի հանդեպ ավելի կոշտ լինել, քան Կիեւի: Ազգայնական Օլեգ Տյագնիբոկն, իր հերթին սպառնում էր անկախության ձգտող Ղրիմի բնակիչներին կոտրել ցախավելի պես ու խեղդել արյան ծովում: Ուրկրաինայի պաշտպանության նախարար գեներալ Միխայիլ Կովալն էլ պատմել է, որ Ղրիմը արյան մեջ կկորչեր, եթե ուկրաինական զինուժը սկսեր կրակել:
Առհասարակ վերջին տարիներին ուկրաինացի պաշտնյաները պարբերաբար անդրադառնում են «ռուսական ներխուժման» տարբեր սցենարներին: Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ գուշակում էր, որ ռուսները «ձեւական պատրվակով» կարող են գրոհել Խերսոնի շրջանը՝ Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ամբարտակի վրա վերահսկողություն սահմանելու համար: Բացի դրանից, Կիեւում կանխագուշակում էին, որ ռուսները կարող են ուկրաինական տարածքների մի մասը գրավել սուզանավերի օգնությամբ: Մոսկվան, սակայն, բազմիցս հերքել է նման կանխատեսումները:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը