Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության նոբելյան մրցանակով պարգեւատրելու նախաձեռնությամբ:
Նորվեգիայի նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի ժողովրդին եւ նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ դարձնելու առաջարկով հանդես են եկել եվրոպացի նախկին եւ ներկա քաղաքական գործիչներ։
«Պատմականորեն աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհման կոմիտեին հորդորում ենք վերսկսել եւ վերանայել 2022 թվականի մրցանակի թեկնածուների առաջադրման ընթացակարգը: Կարծում ենք` այժմ ճիշտ ժամանակն է Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ աշխարհն իրենց հետ է»,– ասված է հայտարարության մեջ։
Առաջարկվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը երկարաձգել մինչեւ մարտի 31-ը` հնարավորություն ընձեռելով Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին առաջադրելու այդ անվանակարգում։
2021-ին՝ լրագրողներ, 2022-ին՝ երկրի նախագահ եւ մի ամբողջ ժողովուրդ
Ավելի վաղ կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այս տարի Խաղաղության նոբելյան մրցանակի են հավակնում 251 անհատ եւ 92 կազմակերպություն: 2021-ին Խաղաղության նոբելյան մրցանակի են արժանացել ռուս լրագրող, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը եւ ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան:
Յանուկովիչը չի ողջունել գաղափարը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեմ է արտահայտվել այդ գաղափարին, քանի որ Զելենսկին մերժել է Դոնբասում խաղաղությունը վերականգնելու աստիճանական ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի՝ պետք է ստորագրվեր հաշտության համաձայնագիր, ստեղծվեր Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամ, ինչի արդյունքում հնարավորություն կընձեռվեր տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վերաինտեգրում իրականացնել Ուկրաինայում։