Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Մոսկվա կատարած այցից հետո՝ մարտի 17-ին, մեկնել է Ուկրաինա, հաղորդում է Habertürk օրաթերթը։
Չավուշօղլուն Լվովում հանդիպել է Ուկրաինայի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ, որից հետո նախարարները կարեւոր հայտարարություններ են արել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ նախագահ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել նախ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, ապա՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ «Հավաքական անվտանգության պայմանագրի հարցում Ուկրաինան առաջարկ է ներկայացրել՝ P5 (ԱՄՆ, Ռուսաստան, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) գումարած Թուրքիա եւ Գերմանիա։ Երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներիս ընթացքում հասկացա, որ Ռուսաստանն այս առումով որեւէ առարկություն չունի, եւ նկատեցի, որ նման առաջարկն ընդունելու հավանականությունը մեծ է»։
«Իհարկե, այստեղ կարեւոր է նաեւ երկու երկրների ժողովուրդների կողմից ընդունելի համաձայնության հասնելը։ Եթե նման հարցերում համաձայնություն ձեռք բերվի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկրների ղեկավարների հանդիպումը հնարավոր կդառնա»,- ասել է Չավուշօղլուն։
«Մենք շարունակական կապի մեջ ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ եւ պատրաստ ենք ղեկավարներին հյուրընկալելու Թուրքիայում։ Երկկողմ հանդիպման մասին այս պահին դժվար է որեւէ մեկնաբանություն անել, քանի որ դրան պետք է երկու ղեկավարն էլ պատրաստ լինեն։ Հանդիպման ամսաթիվն իրենք են որոշելու»,- հավելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը