2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ում Սերբիայի պատվիրակության պահանջով Գլխավոր ասամբլեան քննարկում է Կոսովոյի ալբանական իշխանությունների կողմից անկախության հռչակման օրինականության հարցով ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու մասին հարցը։ Ադրբեջանը քվեարկում է «կողմ», Հայաստանը՝ «ձեռնպահ»։ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ պետություններին հորդորում է խնդրի կապակցությամբ իրենց գրավոր նկատառումները ներկայացնել Հաագա։ Ադրբեջանը ներկայացնում է, մասնակցում դատական նիստի բանավոր բանավեճերին, բնականաբար քվեարկում, որ Կոսովոյի անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին։ Հայաստանը ո՛չ գրավոր տեսակետ է ներկայացնում, ո՛չ էլ մասնակցում դատական բանավոր բանավեճերին։
Ինչո՞ւ։ Եթե Հայաստանը պայքարում էր, որ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ապա պետք է լիներ այն երկրների շարքում, որ Կոսովոյի անկախության հռչակումը համարում էին միջազգային իրավունքին չհակասող։ ՄԱԿ-ի միջազգային դատարանն, ի վերջո, հենց այդպիսի խորհրդատվական որոշում էլ կայացրեց՝ անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, որովհետեւ չի խախտում պետության տարածքային ամբողջականությունը։
Դոնբասում ռազմական գործողությունների լեգիտիմության առթիվ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հղում արեց «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970 թվականի Հռչակագրին, որի իմաստով՝ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը կիրառելի չէ այն պետությունների նկատմամբ, որոնք չեն հարգում ինքնորոշման իրավունքը։
2008 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանը Ադրբեջանի հետ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրել է Մայենդորֆի հռչակագիրը եւ պարտավորվել, որ ԼՂ խնդիրը քաղաքական կարգավորում կստանա միջազգային իրավունքի սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված փաստաթղթերի ու որոշումների հիման վրա։
Ինչ էր նշանակում «միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում ընդունված փաստաթղթեր եւ որոշումներ» ձեւակերպումը՝ Երեւանում եւ Ստեփանակերտում ոչ ոքի չի հետաքրքրել։ Հետաքրքրել է Բաքվում, որտեղ միշտ հայտարարել են, որ ԼՂ հարցի կարգավորման «իրավական հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերն են»։ Փաստացի, Հայաստանը նույնպես ընդունել է դա։ Հակառակ դեպքում կլիներ այն երկրների հետ, որոնք Կոսովոյի անկախությունը չէին պայմանավորում Սերբիայի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքով, համարում էին, որ Բելգրադը խախտել է ալբանացիների ինքնորոշման իրավունքը, դիմել բռնությունների, իրականացրել էթնիկ զտումներ։
Հայաստանում եւ Արցախում քաղաքական միտքն այնքան տկար էր եւ կանխատրամադրված, որ իշխող վերնախավը նույնիսկ փորձ չարեց Ադրբեջանի եւ միջնորդների հետ բանակցություններում կիրառելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հուշումը՝ «անջատում հանուն փրկության» մոտեցումը։ Որպես հետեւանք ստացանք աղետաբեր պատերազմ, մարդկային, տարածքային, նյութական եւ բարոյական ահռելի կորուստներ։
Եվ ի՞նչ։ Երկու օր առաջ լսում էի հայ փիլիսոփա, փոխակադեմիկոս քաղաքագետին․ «Թուրքին չի կարելի հավատալ, նա կարող է ամեն ինչ ասել․․․ Բայց նրանք բազմաքայլ կոմբինիացիայի վարպետ են»։ Է՜, թուրքերը դրանում մեղավո՞ր են։ Որեւէ մեկը մեղավո՞ր է, որ հայ «քաղաքագիտական միտքը» 88 թվականին ինչպես «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» է ձեւակերպել, երեսունչորս տարի հետո էլ նույն «մակարդակի» վրա է։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, նույնիսկ Ադրբեջանը, երեւի, կուզենային, որ մենք գոնե մի անգամ համարժեք լինեինք այն խնդրի ծանրությանը, որ կոչվում է «ԼՂ տեւական եւ համապարփակ կարգավորում»։ Ո՜ւր է թե․․․
Մարտի 14-ին Բաքուն հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր տեսլական-«սկզբունքները»։ Որեւէ մեկը դրանք վերլուծելու, ինչպես ասում են՝ «սեւը սպիտակից զատելու» փորձ անո՞ւմ է։ Ո՛չ։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում համատարած ողբուկական է, Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անեծք, հայհոյանք։ Պատահում են նաեւ սպառնալիքներ՝ «էն հայը, որ ազգն ուրանա եւ այլ ազգ դառնա/մահվան օրին հայ արցունքի թող չարժանանա» կամ «Մի՞թե էս ժողովուրդը մի Թեհլիրյան չունի»՝ արդեն զուտ խղճահարություն հարուցող ոճի մեջ։
Կարդում ես եւ ապշում, երբ տեսնում-համոզվում ես, որ իրականության հանդեպ երբեմն «հոգեխանգարմունքային» է նաեւ մարդկանց մոտեցումը, որոնց տասնամյակներ ի վեր գիտես եւ համարել ես լրջմիտ, իրատես, դժվար կացությունից գոնե տեսական ելք առաջարկող, որովհետեւ, ո՜վ զարմանք, նրանք էլ տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչումը համարում են «Ադրբեջանի վերջնագիր»։
Ցույց տվեք միջազգային, միջպետական որեւէ համաձայնագիր, որի առաջին իսկ կետով պայմանավորվող կողմերը դա չեն հավաստում։ Ադրբեջանի «սկզբունքների» վտանգը դա չէ, այլ «քաղաքական անկախության փոխադարձ ճանաչման» պայմանը, ինչը նշանակում է, որ կողմերը փոխադարձաբար պետք է ճանաչեն, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնում է իր տարածքի ամբողջ ժողովրդին, Ադրբեջանինը՝ իր։
Ինտրիգն այստեղ է։ Բաքուն պարտադրում է, որ Հայաստանը ճանաչի, որ Իլհամ Ալիեւի ռեժիմը ներկայացնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, նաեւ «նրա իշխանությունն է»։ Տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչի վրա սեւեռված է հայ հանրությունը, օրակարգից չի հանում ԼՂ խնդիրը։ Ոչ էլ այն ձեւակերպումը, թե կողմերը միմյանցից փոխադարձաբար «տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են երբեւէ չունենալ, չներկայացնել»։ Դա բացարձակ անիմաստություն է, կարելի է քսան անգամ կրկնել։ Միջազգային իրավունքն առհասարակ բացառում է անեքսիան, ուժով տարածք գրավելն ու պահելը։
Միջազգային իրավունքը չի բացառում պետության քաղաքական ամբողջականության խաղաղ, առանց արտաքին միջամտության փլուզումը։ Կարողանո՞ւմ ենք բոլորս կենտրոնանալ այդ նպատակի իրացման վրա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստից առանձնացնել մի խնդիր։ Ադրբեջանի քաղաքական անկախությունը պայմանավորված է ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացմամբ։ Իսկ դա արդեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության թեմա է։ Երբ «Կոսովոյի» հետ չես, չի հետեւում, թե Կոսովոյի նախադեպը քեզ հետ չէ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։